Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովն, ի վերջո, ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով քրեականացվում են, օրինակ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու քայլերը: Նշենք, որ նախօրեին Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին խոսել էր այս մոդելի հաջողության մասին Վրաստանում, որտեղ օրենքը գործում է դեռ 2003 թվականից սկսած` գունավոր հեղափոխությունից հետո: Իսկ, ահա, Ռուսաստանում նմանատիպ մի օրենք ընդունվել է այս տարի, եւ եթե համեմատենք այս երկրներում գործող օրենքներն ու Հայաստանում դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, ապա էական տարբերություններ կտեսնենք: Եվ հատկապես դրանք առկա են Վրաստանի օրինակում:
Հայաստանի նախագիծը
Եվ այսպես, ի՞նչ են առաջարկում իշխանություններն այս ուղղությամբ, եւ ինչպե՞ս են պայքարելու քրեական աշխարհին հարողների դեմ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել.
ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար,
բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները,
գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած եւ դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար` վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:
Ըստ այդմ, քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով. եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով, քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գունավոր հեղափոխությունն ու Վրաստանը
Վրաստանի 2003 թվականի գունավոր հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին անողոք պայքար գողական աշխարհի դեմ եւ ընդունեցին բազմաթիվ օրենքներ: Գողական համայնքի անդամ ու «օրենքով գող» լինելը քրեական հանցագործություն է համարվում Վրաստանում 2005 թվականից: Ի սկզբանե գողական համայնքի անդամ լինելու համար պատիժը 3-8 տարի էր` տուգանքով կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերին» սպառնում էր 5-10 տարվա ազատազրկում` տուգանքով կամ առանց դրա: Սակայն մեկ տարի անց` 2006 թվականին, օրենքն ավելի խստացրեցին: Այժմ գողական համայնքի մաս կազմելու համար սպասվում է 5-8 տարի ազատազրկում, իսկ «օրենքով գողերին»` 7-10 տարի:
Ընդ որում, հետաքրքիր է, որ Վրաստանի օրենքում մանրամասն ներկայացված է, թե, օրինակ, ինչ է նշանակում գողական աշխարհ եւ օրենքի կիրառման տեսանկյունից ավելի ընկալելի ձեւակերպումներ կան: Ըստ այդմ, գողական աշխարհի ներկայացուցիչ համարվում է այն անձը, որը գողական գործունեություն է ծավալում: Համաձայն օրենքի` գողական աշխարհի ներկայացուցիչը ձգտում է հասնել արդյունքի` սպառնալիքի, վախի եւ այլ նման երեւույթների միջոցով: Իսկ գողական աշխարհի անդամն այն մարդն է, որը ընդունում է գողական աշխարհն ու ակտիվորեն օգնում գողական աշխարհի նպատակների իրականացմանը:
Եվ եթե, օրինակ, Հայաստանի նախագծում «օրենքով գող» հասկացություն չկա, եւ այն ներկայացված է որպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ապա վրացական տարբերակում ամեն ինչ ավելի պարզ է գրված:
Ըստ այդմ, «օրենքով գող» համարվում է այն անձը, որը ցանկացած ձեւով կազմակերպում կամ ղեկավարում է գողական աշխարհը կամ կոնկրետ անձանց խմբին` օգտագործելով գողական աշխարհի մեթոդները: Հետաքրքիր է, որ օրենքում առկա է նաեւ գողական հավաքի` «սխոդկա» հասկացության պարզաբանումը: Ըստ այդմ, այն նշանակում է երկու կամ ավելի անձանց հավաք կամ նրանց կապը որեւէ կերպ` գողական աշխարհ մտնելու կամ այնտեղից դուրս գալու եւ այլ հարցեր քննարկելու համար: Հետաքրքիր է, որ անգամ քրեական պատասխանատվություն է առկա գողական աշխարհի ներկայացուցչին դիմելու համար: Դրա համար պատասխանատվությունը կարող է լինել 3-7 տարով` կախված դիմելու վերջնաարդյունքից:
Ինչպես նկատելի է, Վրաստանի օրենքում ամեն ինչ շատ ավելի պարզ է շարադրված` «օրենքով գող», «գողական աշխարհ» եւ այլ նման հասկացություններով, որը շատ ավելի պարզ է դարձնում օրենքի կիրառումը: Եվ հետաքրքիր է հատկապես օրենքի կիրառումը. ըստ այդմ, եթե «օրենքով գողը» հաստատում է իր այդպիսին լինելը, պետք է դատապարտվի, իսկ եթե հրաժարվում է, ապա զրկվում է քրեական աշխարհում իր կոչումից:
Արդյունքում, 2006-2010 թվականներին գողական աշխարհի 180 ներկայացուցիչ է դատապարտվել, իսկ մաֆիայի ներկայացուցիչների եւ կոռումպացված չինովնիկների կարողությունից 1 մլրդ դոլար հնարավոր եղավ պետություն վերադարձնել: Նույն ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը կրկնակի կրճատվեց, եւ 80 տոկոսով կրճատվեց զինված հարձակումների թիվը:
Ռուսաստանի ու Հայաստանի նախագծերը
Ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանում այս տարի եւս որոշել են պայքար տանել քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ, եւ կրկին նշվում է, թե որպես օրինակ է վերցվել Վրաստանի փորձը, սակայն հետաքրքիր է, որ ձեւակերպումների առումով Հայաստանի նախագիծը ավելի նման է ռուսականին:
Մասնավորապես, այն ունի հոդված` հանցագործ աշխարհի հերարխիայի առաջնորդ լինելու համար, եւ նախատեսում է պատասխանատվություն` հանցագործ համայնքների անդամ լինելու համար: ՌԴ-ի քրեական օրենսգիրքը եւս ունի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ հասկացություն, եւ դրա համար նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում` մինչեւ 5 մլն ռուբլի հնարավոր տուգանքով: Իսկ հանցագործ համայնք ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ անդամ լինելու համար նախատեսված է մինչեւ 20 տարի ազատազրկում:
Նշենք, որ նման նախաձեռնություն Ռուսաստանի Պետական Դումայում առկա էր դեռեւս 2010 թվականին, եւ այն ժամանակ այն բավական բուռն քննարկվեց, սակայն այդպիսի հասկացություններ եւ նման պատիժներ նախատեսված չէին, ինչպես այս տարի ընդունված փոփոխություններով:
Ամեն դեպքում, ՌԴ-ում դեռ տվյալներ չկան, թե ինչ արդյունք է առկա այս պահի դրությամբ, սակայն միանշանակ է, որ Վրաստանում օրենքն իսկապես աշխատել է, հիմնականում, հենց ավելի պարզ հասկացությունների շնորհիվ: Հավելենք, որ Հայաստանում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ, եւ երկրորդ ընթերցումը նախատեսված է արդեն հաջորդ տարի:
Նաիրա Հովհաննիսյան