Այսօր լրանում է զինծառայող Արթուր Աջամյանի մահվան 7-րդ օրը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Աջամյանի հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը:
«Այսօր Արթուրի յոթն ենք անում: Վիրավոր Դավիթ Մելիքբեկյանի հետ դեռ չենք զրուցել, քանի որ նա կոմայից դուրս չի եկել: Մեր փաստաբան Հայարփի Սարգսյանն այցելել է հիվանդանոց, սակայն թույլ չեն տվել տեսակցել, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դեռ չի կարողանում խոսել»,-ասաց Արթուրի հորաքույրը:
Ըստ մեր զրուցակցի՝ Արթուրի մահվան հանգամանքները պարզելու համար գործն արդեն Արցախից տեղափոխվել է Երևան. «Արթուր գործով ընդգրկված են 5 քննիչ, ժողովուրդին կանչել են հարցաքննության, գործը կարծես, թե քանդվում է»:
Նշենք, որ մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ Արթուրին սպանել են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:
Լիդա Եղիազարյան