ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի
նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը:
Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Ըստ ներկայացված տվյալների՝ 2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։
Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական
շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․ «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է
համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի
շնորհիվ լճից 2018թ․ համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»։
Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ
տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով գնահատել է ոչ բավարար
և հանձնարարել ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների
գանձման ցուցանիշը։
«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն պատասխանատու է իր ղեկավարած համակարգի
գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման
համար»,- շեշտել է նախարարը։ ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝ ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։