ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները կանցնեն պլան Ճ-ի. ինչ է սպասվում ՍԴ դատավորներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից: Մեզ հաջողվեց զրուցել միայն նրանցից երկուսի` Արմեն Դիլանյանի եւ Ֆելիքս Թոխյանի հետ, սակայն, ինչպես հայտնի է, օրենքով տրված հնարավորությունները չեն վերաբերում Արմեն Դիլանյանին եւ Վահե Գրիգորյանին: «Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, եւ դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում», – ասաց Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանը հավելեց. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, եւ 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում: Իսկ ի՞նչ է սպասվում այդ դեպքում. իշխանությունները երկու ծրագիր ունեն` նախ, եթե դատավորները դիմումներ չգրեն երկամսյա ժամկետում, ապա կսկսվի նրանց ունեցվածքը ստուգելու գործընթաց` փորձելով այդպես որեւէ խնդրահարույց հարց գտնել եւ իրավական լուծում տալ: Իսկ եթե այդ տարբերակն էլ չաշխատի, թերեւս կգործադրվի «պլան Ճ-ն»: Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարին ձեւավորվելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, սակայն բուն սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու երկու տարի անց` 2022 թվականին, եւ գործընթացի վերջնական արդյունքը պետք է լինի Սահմանադրական դատարանի լուծարումը, որպեսզի այդկերպ հաղթահարվի ճգնաժամը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս