ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշառք տված անձի եւ դատավորի ընտանիքի միջեւ կոնֆլիկտ է եղել. ինչո՞վ է հայտնի դատավորի դեմ ցուցմունք տված անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով: Սակայն նկատենք, որ մինչ իրավապահների ձեռքը ընկնելը կաշառք տված անձի եւ դատավորի ընտանիքի միջեւ անգամ կոնֆլիկտ է եղել:

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է դատավոր Սամվել Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ.-ին պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել , թե ով է եղել անձը , որը, ըստ էության, կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել: Մեզ հայտնի դարձավ , որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի Օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը:

Նկատենք, որ Սմբատ Հարությունյանը այս տարի աչքի ընկավ իր կատարած գործողություններով: Մասնավորապես, 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու գործընթացի մասին, Շենգավիթի դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որպեսզի խափանեին դատավորների մուտքը դատարանի շենք։ Ու երբ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել էր այն դատարան, որտեղ աշխատում է,եւ փորձել էր մուտք գործել, Շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չտվեցին ներս մտնել, որից հետո Բալայանը փորձեց պատուհանից ներս մտնել:

Քաղաքացիները սա եւս թույլ չտվեցին, քաշքշեցին Բալայանին, ինչից հետո վերջինս վայր ընկավ։ Եվ հիմա պարզվում է, որ դատավոր Բալայանին քաշքշողներից մեկն է եղել Ոզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանը: Ի դեպ, ՀՔԾ-ն մերժեց այս մասով քրեական գործի հարուցումը: Այս որոշումը պաշտպան Հրանտ Անանյանը բողոքարկել է դատախազին, սակայն դատախազը անփոփոխ էր թողել ՀՔԾ քննիչի որոշումը:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` ենթադրյալ կաշառքի շուրջ մինչ իրավապահներին հայտնելը Սմբատ Հարությունյանի եւ դատավոր Ուզունյանի միջեւ կոնֆլիկտ է եղել: Մասնավորապես, Սմբատ Հարությունյանը գնացել է դատավորի տան մոտ եւ վերջինիս ընտանիքի հասցեին վատ արտահայտություներ հնչեցրել: Դատավոր Ուզունյանի որդիներն էլ, տեսնելով իրենց մոր վիճակը, համապատասխան արձագանքել են Սմբատ Հարությունյանին:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Սմբատ Հարությունյանը այլ դատական գործերի մեջ է, եւ վերջինիս շահերը պաշտպանում է փաստաբան Զոյա Հակոբյանը։ Նրանից փորձեցինք տեղեկություն ստանալ Սմբատ Հարությունյանի մասով, սակայն փաստաբանը հայտնեց, որ այլեւս որեւէ կապ չունի նրա հետ: Դիմեցինք ՀՔԾ՝ հասկանալու համար, թե արդյոք Սմբատ Հարությունյանն է դատավորի դեմ ցուցմունք տվել կաշառքի մասով, սակայն ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանել:

Քնար Մանուկյան




Լրահոս