«Սանիտեք»-ն ու քաղաքապետարանը շարունակում են իրենց պայքարը․ արբիտրաժային դատարան դիմում չի՞ ուղարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծարել է քաղաքում նախկինում աղբահանությամբ եւ սանմաքրմամբ զբաղվող ընկերության հետ կնքած պայմանագիրը, բայց դա չի խանգարում, որ այսօր էլ երկու կառույցները շարունակեն իրենց պայքարը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը փորձում է տնօրինել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը (համենայնդեպս, այդպես պնդում է ընկերությունը): Ըստ «Սանիտեք»-ի՝ քաղաքապետարանը խոչընդոտում է ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին: Ավելին, ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ` որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը:

Կառավարությունը որեւէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը եւ որեւէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ:

Բացի այս, երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻԵԴ-ի ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է՝ ի վերջո, «Սանիտեք» ընկերությունը դիմել է արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության կամ Երեւանի քաղաքապետարանի, թե ոչ: Պատգամավորի հարցին ի պատասխան` Եղիշե Կիրակոսյանն արձագանքել է՝ նշելով, որ ընկերությունը դիմում գրել է կառավարությանը եւ նշել, որ մտածում են դիմել արբիտրաժային դատարան, բայց դեռ արբիտրաժային դատարան դիմում չեն ուղարկել. «Մենք դեռեւս որեւէ տեսակի փաստաթուղթ չենք ստացել դիմումի վերաբերյալ»:

Ս. Հ.




Լրահոս