Աղքատության հաղթահարման համար միլիարդներ են պետք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 700 հազար մարդ աղքատ է: Պաշտոնապես, անցած տարի աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 հազար 621 դրամ (88.2 դոլար) վերին աղքատության գծից ցածր է գտնվել:
Պաշտոնական տվյալներով` անցած տարի,2017 թվականի համեմատ, աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով: Այսպես, 2018-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ, նրանցից չափավոր աղքատների թվաքանակը` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ` ինչպես աղքատների, այնպես էլ չափավոր եւ ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է:

Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (65.8 տոկոսը) քաղաքաբնակներ են: Նշենք, որ 2018-ին աղքատության վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են 42 հազար 621 դրամ (կամ 88.2 դոլար), 35 հազար 71 դրամ (կամ 72.6 դոլար) եւ 24 հազար 827 դրամ (կամ 51.4 դոլար):

Համաձայնեք, այս չափանիշները բավական մեղմ են, իրականում աղքատության վերին շեմը պետք է շատ ավելի բարձր լիներ, մոտավորապես 45-50 հազար դրամ. ամսական նույնիսկ այդքան գումար ծախսելով` դժվար է գոյատեւելը. ի վերջո, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով 62 հազար 329 դրամ է: Բայց մեթոդաբանության փոփոխության դեպքում կպարզվեր, որ Հայաստանում աղքատ է բնակչության կեսից ավելին:Ի դեպ, 2018 թվականին աղքատության մակարդակները տարբերվում են` ըստ մարզերի եւ Երեւանի: Նշված ժամանակահատվածում նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ բոլոր մարզերում, բացի Լոռու եւ Արմավիրի մարզերի: Մարզերից հինգում ծայրահեղ աղքատության մակարդակը գնահատվել է զրո:

Օրինակ, միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Արմավիրի մարզերի ցուցանիշները: Ընդ որում, արդեն տեւական ժամանակ է` ամենաաղքատը համարվում է Շիրակի մարզը: Նշված մարզում բնակչության 42 տոկոսն ապրում է աղքատության գծից ցածր: Անցած տարի աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008 թվականի ցուցանիշներին Արմավիրի եւ Տավուշի մարզերում: Սարսափելին այն է, որ անցած տարվա ընթացքում 0-5 եւ 6-9 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է` այլ տարիքային խմբերի համեմատ: Իսկ, ահա, 50-54, 55-59 եւ 60-64 տարիքային խմբերում 2018-ին աղքատության մակարդակն ամենացածրն է: Պարզվում է, որ միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%): 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր բարեկեցության եւ կենսամակարդակի վերաբերյալ: Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան կատարված հարցումներից: Այսպես,պարզվում է, որ հարցվածների 9.4տոկոսն իրեն համարել է աղքատ: Իսկ իրենց ծայրահեղ աղքատ համարել են 0.9 տոկոսը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին: Բացի այս, 2018-ին առավել առաջնային խնդիրներից նշվել են ոչ պարենային առաջնային կարիքները եւ բնակարանային հիմնահարցը: Իսկ սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմել է 9.1 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել նաեւ «ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ եւ շատ լավ ապրելու կամ գոյատեւելու համար» հարցման մասնակիցների պատասխանները: Պարզվում է` Հայաստանում շատ լավ ապրելու համար անհրաժեշտ է 588 հազար 965 դրամ կամ 1 220 դոլար: Լավ ապրելու համար անհրաժեշտ է 245 հազար 515 դրամ կամ 509 դոլար: Իսկ, ահա, գոյատեւելու համար 99 հազար 39 դրամ կամ 205 դոլար: Ի դեպ, ըստ վիճակագրական տվյալների՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ դրամ,բայց ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջի 1 մլրդ դրամ: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ գործադիրը կկարողանա պահանջված գումարը հայթայթել եւ հատկացնել Հայստանում աղքատության վերացման համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս