«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողի դատին է հանձնում հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս հայուհի 2018», Women՚s Club-ի անդամ Արենա Զեյնալյանն է: Նա նշել է, որ տղամարդու մեջ առաջնային գնահատում է հավատարմությունը, իսկ կնոջ մեջ՝ ինքնավստահությունն ու ուժեղ լինելը: Արենան կարեւորում է կնոջ արտաքին հմայքը, բայց այն համոզմանն է, որ այն առանց ներքին բարձր որակների կարող է խամրել:
-Արենա՛, ե՞րբ է կինը գեղեցիկ: Ո՞ր հատկություններով պետք է օժտված լինի նա, որպեսզի համարվի գեղեցիկ:
-Ըստ իս` գեղեցիկ կինն ինքնավստահ եւ ուժեղ կինն է: Արտաքինը գնահատում եմ, բայց դրա հետ մեկտեղ նա պետք է ունենա ներքին որակներ գեղեցկությունը արտահայտելու համար: Ուժեղ կանայք իմ իդեալն են, ես սիրում եմ նրանց:
-Իսկ սեքսուալությունը որքանո՞վ կապ ունի հենց Ձեր նշած ինքնավստահության հետ:
-Շատ անմիջական կապ ունի: Ճիշտ է, արտաքինը կարեւոր է, բայց կինը պետք է ներքուստ սեքսուալ լինի: Կարեւոր է այն, թե ինչպես է նա ներկայանում արտաքին աշխարհին: Ինքնավստահ կինը շատ սեքսուալ է:
-Ո՞վ է կնոջ Ձեր իդեալը:
-Միշտ սիրել եմ արքայադուստր Դիանային: Բարձր եմ գնահատում նրա անմիջական բնավորությունը, շփվող լինելը:
-Եթե ունենաք երեխաներ, կնախընտրեք ինքնե՞րդ պահել նրանց, թե՞ կվստահեք դայակին:
-Չեմ կարող միանշանակ ասել: Դա կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ՝ ֆինանսական դրությունից:
-Ձեր զգեստապահարանում ինչպիսի՞ զգեստներն են բացակայում: Կա՞ հագուստ, որ կտրականապես դեմ եք կրել:
-Ամեն տիպի հագուստն էլ ունեմ, բայց oversize ոճի հագուստից հրաժարվում եմ, թեպետ հիմա շատ թրենդային է: Այն իմը չէ, թեպետ սիրում եմ, որ ուրիշներն են կրում:
-Ձեզ՝ որպես կին, ավելի պաշտպանված եք զգում Հայաստանո՞ւմ, թե՞ Իրանում (Արենան իրանահայ է-հեղ.):
-Ես գնահատում եմ այն, որ Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված են: Ես ինձ այստեղ ավելի ապահով եմ զգում: Իրանում կանանց նկատմամբ ավելի խիստ են, մոտեցումներն իսլամական են: Բայց չեմ կարող համեմատել իրավիճակը Իրանում եւ Հայաստանում, պարզապես կասեմ, որ մոտեցումները այս երկրներում տարբեր են:
-Երկու եղբայր ունեք: Քրոջ կարիք զգացե՞լ եք:
-Այո, հատկապես երբ եկա Հայաստան, մայրիկս Իրանում մնաց, մտածում էի՝ ինչ լավ կլիներ, եթե քույր ունենայի, եւ նա մայրիկիս մոտ լիներ: Եղբայրներիս արածը շատ եմ գնահատում, բայց դուստրը այլ կերպ է հոգ տանում ծնողին:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերուհին: Առհասարակ, Ձեր ընկերուհիների շրջանում գերակշռում են իրանցինե՞րը, թե՞ հայաստանցիները:
-Ամեն մարդու յորուվի եմ գնահատում: Ընկերուհի ունեմ, որին սիրում եմ իր անկեղծության համար, ընկերուհի ունեմ, որին կարող եմ պարզապես զանգել, եւ նա արագ կհասնի իմ մոտ, մեկ այլ ընկերուհու հետ սիրում եմ քննարկել մտքերս, լսել խորհուրդներ: Ամեն մարդու մեջ մի հատկություն եմ գնահատում: Ինքս ճկուն մարդ եմ, կարողանում եմշփվել տարբեր մարդկանց հետ: Հայաստանում, իհարկե, շատ ընկերուհիներ ունեմ, իրանահայ ընկերուհիներ նույնպես ունեմ:
-Հայտնի լինելը Ձեզ ի՞նչ տվեց:
-Չեմ դժգոհում հայտնի լինելուց հատկապես Հայաստանում, որտեղ, ինչպես նշեցի, ես ինձ շատ ապահով եմ զգում: Հաճելի է, երբ մարդիկ ցանկություն են հայտնում լուսանկարվել ինձ հետ, ուզում են օգնել…
-Եվ վերջին հարցը՝ ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ գրավում:
-Ինձ համար կարեւոր է, որ տղամարդը հավատարիմ լինի, եւ դա ես պետք է զգամ նրա յուրաքանչյուր քայլի մեջ: Լավ է, երբ տղամարդը գնահատումէ իր կնոջը: Եթե տղամարդը հավատարիմ լինի, չի ստի, եւ մի շարք խնդիրներից հնարավոր կլինի խուսափել:
Աննա Բաբաջանյան