«Իրատես» թերթը գրում է. «Թեև կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից դեռևս չեն հստակեցնում՝ դադարեցվե՞լ է արդյոք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը, թե՞ ոչ, բայց տրամաբանությունը հուշում է՝ ինտելեկտուալ խաղի համար սուպերնախարարությունում փող չի գտնվել:
«2010-ից Հայաստանի բոլոր կառավարությունները, այդ թվում՝ «թալանչի», «կոռումպացված» նախկինները, որպես կրթական, ինտելեկտը զարգացնող ծրագիր մշտապես գումար էին տրամադրում խաղին: Յուրաքանչյուր տարի ռուսական «Игра TV»-ից կառավարությունը, այնուհետև՝ Կրթության նախարարությունը մոտ 17 միլիոն դրամով գնում էր այն հեռարձակելու թույլտվությունը: Այս տարվա բյուջեում, փաստորեն, խաղի կազմակերպման ու հեռարձակման մասին ոչինչ գրված չէ: Ավելին, մամուլի հրապարակումներից հետո նախարարությունը լուրը չի հերքել, պարզաբանումներով հանդես չի եկել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը»:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը միակը չէ, որ դուրս է մնացել ԿԳՄՍ նախարարության հետաքրքրությունից: Նոր իշխանություններն անհայտ ծագման պերֆորմանսներն ու ֆիլմերը գերադասում են ինտելեկտուալ, ուսուցանող ու հայագիտական ծրագրերից: Մոտ մեկ տարի առաջ էլ նախարարությունը դադարեցրել էր «Հայ ասպետ» ծրագրի ֆինանսավորումը, որ 10 տարուց ավելի հարթակ էր տրամադրում Հայաստանի աշակերտներին ու ուսանողներին:
«Անհասկանալի է նախարար Արայիկ Հարությունյանի ու նրա շրջապատի տրամաբանությունը, թե ինչպես են որոշում՝ ում կամ ինչ ծրագրի իրագործմանն են գումար հատկացնում: Ստացվում է՝ անհեթեթ, արկածախնդիր ինչ-որ «ներկայացումների» համար գումար կա, իսկ մարդկանց սիրելի հաղորդման համար՝ ոչ: Տպավորություն է, թե նախարար Հարությունյանն ամեն բան անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելու համար: Վերջին շրջանում նրա կամ նրա ղեկավարած կառույցի քայլերն ու գործողությունները մեկը մյուսից քննադատելի են, իսկ մարդիկ ոչ թե Հարությունյանից, այլ միանգամից Փաշինյանից են հիասթափվում, որ իր թիմում նման կադրեր ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ մեր տեղեկությունների՝ եթե պետությունն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար այդպես էլ ֆինանսավորում չտրամադրի, ապա կազմակերպիչները մտադիր են արտասովոր քայլի գնալու ու եթեր վերադարձնելու ժողովրդական ծրագիրը: Նրանք որոշել են դրամահավաք հայտարարել ու այդ միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Վստահ են՝ ի տարբերություն սուպերնախարարության՝ մարդիկ սիրված խաղի համար հաստատ գումար կտրամադրեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։