Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաեւ ՀՖՖ նախագահի ընտրությունները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է բոլոր թեկնածուների անունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու` Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը եւ Խորեն Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել էր «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկի:
«Առաջադրված թեկնածուներից եւ ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի եւ գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետեւ հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում եւ չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ»,-ասել էր նա:
Այս առնչությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խորհրդային Միության հավաքականի եւ Երեւանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանի հետ:
– Պարո՛ն Հովհաննիսյան, ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու Արկադի Անդրեասյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր բառացիորեն հետեւյալը. «Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետեւ հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը»: Դուք իսկապե՞ս քանդել եք հայկական ֆուտբոլը: Ինչո՞ւ է պարոն Անդրեասյանի մոտ նման կարծիք ձեւավորվել:
-Ո՞նց, բայց հարց չե՞ք տվել, թե ես ոնց եմ քանդել, թե ոնց եղավ: Կարտոշկի բոստա՞ն էր, ի՞նչ էր`քանդեցի: Ի՞նչ հիմնավորումներ ունի: Ուղղակի պետք է հասկանալ, թե քանդելն ինչ բառ է:
-Ի՞նչ հարաբերություններ ունեք Արկադի Անդրեասյանի հետ: Սպասո՞ւմ էիք նման արձագանքի:
-Չէ դե, ամբողջ աշխարհը չի սպասել, դա իր համար սովորական բան է, այդտեղ թեմա չկա: Դա ինչ թեմա է, որ անդրադառնանք: Բան չունեմ ասելու, բայց պետք է հասկանամ, թե քանդել ինչ է նշանակում: Մի քանի տարի առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան իրեն «nogrant» (ֆուտբոլում ոչ ցանկալի անձ) հայտարարեց հայկական ֆուտբոլում, երեւի խանդում է:
-Այսինքն`ուզում եք ասել, որ Արկադի Անդրեասյանը Ձեզ խանդու՞մ է:
-Չեմ կարող ասել: Ես չեմ էլ ուզում իր անունը լսել, եթե իրոք ինքը նման բաներ է ասել իմ մասին: Ժողովուրդը գիտի, տեսել է, թե ով ինչ է արել հայկական ֆուտբոլում:
-Ձեր կարծիքով`ինչո՞ւ Արսեն Աղաջանյանի` ՀՖՖ նախագահի թեկնածության գրանցումը մերժվեց:
-Այդ հարցերով ֆեդերացիան է զբաղվում, ես էլ իր նման թեկնածությունս դրել եմ, կարող էին ինձ էլ մերժել: Ես տեղյակ չեմ:
-Ձեր առաջին քայլը ո՞րն է լինելուՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:
-Ծրագրերը շատ են, երկու բառով չեմ կարողասել: Եթե ես ընտրվեմ, հեղափոխություն եմ անելու հայկական ֆուտբոլում, միանշանակ, կանոնադրությունը պետք է փոխել, ոչ ֆուտբոլային մարդիկ պետք է ոչնչանան, որովհետեւ ով գալիս է, մենակ փողի մասին է խոսում: Պետք է աշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ:
-Ձեր շանսերը ո՞նց եք գնահատում ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում:
-Այստեղ ժողովուրդը չի որոշում: Այստեղ կան թայֆայական խմբեր, որ որոշում են`ոնց պետք է լինի: Սա ընտրություն չէ, ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն`չե՞ք հավատում արդար ընտրությանը:
-Ով ոնց ուզում է, թող հասկանա:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը