Նախօրեին ՔՊ գրասենյակում հրավիրած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցել է նաեւ պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը, որը գրեթե միշտ խմբակցության նիստերին չի մասնակցում, գնացել է իր թիմակիցներին ներկայացնելու աղմկահարույց այն օրենքի նախագիծը, որը բուռն քննադատվել է:
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է բանակից խուսափելու համար գումար վճարել, մեկ ամիս ծառայել ու համարել հայրենիքի հանդեպ պարտքի կատարում: Ըստ մեր տեղեկությունների` բավական երկար ժամանակ է տեւել քննարկումը, քանի որ ներկաներից շատերը հարցեր են ուղղել Սարգսյանին ու իրենց անհամաձայնությունն են ներկայացել:
Վերջինս պատգամավորների հարցերին պատասխանել է, բայց խմբակցության անդամները ասել են, որ իրենք կսպասեն ՊՆ-ի արձագանքին` հասկանալու համար` արդյոք իրենց նման օրենք պետք է, թե ոչ: Իմքայլականները Հայկ Սարգսյանին որեւէ խոստում չեն տվել, որ իր կողքին են լինելու այդ հարցում: Ի դեպ, տեխնիկական խնդիրների պատճատով շատերը չեն տեղեկացել նիստի մասին ու բացակայել են` չտեղեկանալով, թե ինչ է քննարկվել խմբակցությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեմ է արտահայտվել իմքայլական պատգամավորի առաջարկությանը` ընդգծելով, որ զինվորական ծառայությունը պարտադիր է: Դեռ ավելին` այսօր նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեմ արտահայտվեց մեկ այլ նախագծի, որով առաջարկվում էր երկարաձգել 27 տարեկանը լրացած չծառայած քաղաքացիների` գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու ժամկետը:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Գրիգորյան