Քիչ լցնում են, շատ գումար պահանջում․ թանկացումնե՞ր թե՞ խորամանկություններ․ վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Նախ` արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում արձանագրվել է հեղուկ գազի շուկայում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկուօր է` հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է` դառնալով 200 դրամ: Ի դեպ, տեղ էլ կա, որտեղ հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Նկատենք, որ նախկինում հեղուկ գազ օգտագործող վարորդներին մատների վրա կարելի էր հաշվել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ հանրապետությունում ավելացել է այն վարորդների թիվը, որոնք սկսել են օգտագործել հեղուկ գազ: Նրա խոսքով`մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ այն շահագործման համար ավելի նպատակահարմար է, որակյալ է, խնդիրներ չի առաջացնում, մեքենան չի փչանում, քան սեղմված բնական գազ օգտագործելու դեպքում. «Միանշանակ է, որ հեղուկ գազի սպառումը վերջին տարիներին կտրուկ ավելացել է»: Ապա փոխանցեց, որ Հայաստանում հատկապես վերջին մեկ տարում հեղուկ գազի լցակայանները սնկի պես աճում են:

«Մեկ միասնական գին է դարձել ե՛ւ քաղաքում, ե՛ւ ՀՀ մարզերում: Կարող եք պտտվել, նայել: Հեղուկ գազի տարբեր ներմուծողներ կան, շատ է նրանց թիվը: Հեղուկ գազի շուկայում մրցակցություն կա, այն էլ ինչ մրցակցություն կա: Դրա համար այստեղ շուկան է գին որոշում: Բնական գազ չէ, որ ներմուծողը միայն «Գազպրոմ Արմենիա»-ն լինի, ինչ գին դրեց,ուվերջ»,- բացատրեց մասնագետը:

Մ. Տիգրանյանի համոզմամբ`Վերին Լարսի հետ կապված խնդիրները (օրերով փակված մնալը կամ երկար հերթերը) չեն կարող ազդեցություն ունենալ հեղուկ գազի շուկայի վրա: Պատճառն այն է, որ Ռուսաստանից հեղուկ գազ քիչ քանակությամբ է ներկրվում: «Չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենա, քանի որ Հայաստան մտնողհեղուկ գազի մեծ մասը ներկրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իրաքից: Իհարկե, Ռուսաստանից ներմուծվող գազն էլ որոշակի քանակություն է մեր հանրապետության շուկայում կազմում, բայց այդքան մեծ չէ եւ չի կարող էական դեր ունենալ գնի վրա»,- նկատեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը մասնագետին փոխանցեց նաեւ, որ վերջին օրերին վարորդների դժգոհությունները` բնական սեղմված գազի շուկայի հետ կապված, ավելացել են: Շատերը մտադիր են իրենց բողոքը լսելի դարձնելու համար ճանապարհ փակել, հավաքվել կառավարության շենքի մոտ, բողոքի ակցիա իրականացնել: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին` իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս, պարզել են, որ սովորականից ավելի են վճարում: Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատել էր, որիր մեքենայի1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելուց հետո արդեն երկու օր է` վճարում է 4300 կամ 4400 դրամ` նախկին 3600 դրամի դիմաց:

Իսկ մեկ այլ վարորդ էլ նշել էր, որիր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ: Դժգոհող վարորդների համոզմամբ` ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում: Բացի այս, վարորդներ կան, որոնք շրջանառում են այն կարծիքը, որ գազալցակայաններում իրենց մեքենաները լիցքավորում են խոնավ գազով:
Սակայն մասնագետը,լսելով գազի խոնավ լինելու մասին վարորդների դժգոհությունները, վրդովվեց. «Եթե գազը լրիվնվեր տան վարորդներին, դարձյալ դժգոհելու են, չնայած որիրենք բացարձակ չեն վճարելու դրա դիմաց:

Իրենց մեջը, այսպես ասած, մտած է գազի որակից կամ չափից դժգոհելը: Ինձ արդեն ծանոթ է նրանց հոգեբանությունը: Խոնավությունը հենց այնպես չի կարող մտնել գազատար: Այդ գազը, որը գազատարով է գալիս,ոչ մի կերպչեն կարող ինչ-որ բան նրա բաղադրությանը խառնել, տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ: Իսկ գազալցակայանի աշխատողը գազի բաղադրությունը ո՛չ կարող է ստուգել, ո՛չ էլ տեսնել, գազալցակայանները չունեն սարքեր խոնավությունը ստուգելու համար»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը վաճառվում է 280-320 դրամով: «Սառելու հաշվին բալոնի մեջ ավելի շատ գազ է տեղավորվում, այստեղ կարեւոր չէ, թե վարորդն ինչքան գումար վճարեց:

Կարեւորն այն է, թե իր մուծած գումարին համապատասխան ինքը քանի կիլոմետր է քշում: Ամռանը հաստատ վարորդներն իրենց դատարկ բալոնները ավելի քիչ են լիցքավորել, գումարը քիչ են վճարել, բնականաբար քիչ էլ վարել են: Բայց որքան եղանակը սառն է, այնքան ավելի շատ գազ է տեղավորվում նույն բալոնի մեջ, բնականաբար ինքն ավելի շատ կքշի: Հիմա դժգոհում են վարորդները, ասում են` անցած անգամ էսքան գումար վճարեցի, իսկ հիմա այսքան եմ վճարում, բայց չեն խորանում նրբություններիմեջ»,- արձագանքելով վարորդների դժգոհություններին` պարզաբանեց մասնագետը,ապա հայտարարեց, որ ձմռան ամիսներին գազի ծախսը ավելանում է 5-10 տոկոսով:

Ինչպես հայտնի է, երկար տարիներ ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազն ունեցել է տարբեր գին, սակայն պատկան կառույցների կողմից երբեւէ այս շուկայում գներըչեն ուսումնասիրվել եւ չեն վերահսկվել: Միայն վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել բնական սեղմված գազի շուկան: «Ժողովուրդ» օրաթերթին հանձնաժողովից փոխանցեցին, որուսումնասիրություններն արդեն ավարտվել են, եւ առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կներկայացվի: Բայց պարզվում է, որ գնագոյացումը ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության առարկան չի եղել. «Մեր խնդիրն այստեղ այն է,որտեսնենք` այս շուկայում կա մենաշնորհ,խոշորընկերություններ, կենտրոնացվածության բարձր աստիճան, թե ազատ մրցակցային շուկա է: Գինը մեր ուսումնասիրության հիմքչի կարող լինել»:

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մ. Տիգրանյանի խոսքով` ամեն մի գազալցակայան ինքն է որոշում` որքանով այն վաճառի.«Չէ՞որ տարբեր գազալցակայանի ծախսը տարբեր է, մեկի մոտ այն շատ է, մյուսիմոտ` քիչ: Մի գազալցակայան կարող է ավելի քիչէ էլէներգիա օգտագործում, մյուսը` շատ: Դա նորմալ է, բայց անթույլատրելի է, որ տնտեսվարողին ստիպեն, ասեն` մեկ միասնական գին սահմանե՛ք»,- լրացրեց Տիգրանյանը:

Սա դեռ ամենը չէ:Պարզվում է, որհեղուկ գազի շուկան դուրս է մնացել պետական գերատեսչությունների վերահսկողությունից(ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է միայն բնական սեղմված գազի շուկան): Որեւէ կառույց չի հետաքրքրվում, թե այս շուկայում որ տնտեսվարողը որքանով է այն վաճառում: Եթե վաղը կամ մյուսօրըորեւէ տնտեսվարող ցանկանա հեղուկ գազի մեկ լիտրը 200 դրամից դարձնել 250 կամ 300 դրամ, ապա պատկան մարմիններին դա չի հետաքրքրի: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որեւէ վերահսկողություն չունի նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Ի դեպ, երեկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ թերլցումների հետ կապված իրենք ստուգումներ իրականացնում են գազալցակայաններում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս