Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում հայտարարեց՝ կառավարությունն ինչ հաջողություններ որ գրանցել է, դա եղել է` ի հեճուկս պետական կառավարման համակարգի եւ ի հեճուկս նախարարությունների։ Ըստ նրա՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք, փոխարենը ունենք նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով։ Ըստ նրա՝ պետական համակարգին այսօր «բրթում են», որ գնան խնդիրներ լուծեն։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, Փաշինյանը հայտարարել է, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, եւ որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը: Ըստ Ձեզ՝ ներկայիս թիմով հնարավոր կլինի՞ դիմադրություն ջարդել:
-Ես կարող եմ խոսել ինձ քիչ թե շատ ծանոթ մոդելների մասին: Վերցնենք Մշակույթի նախարարությունը, որը ներկայումս ԿԳՄՍ նախարարության կազմում է: Ավելի քան մեկ տարի առաջ ես մշակույթի նախարարի խորհրդական էի: Մշակույթի նախարարությունում կային բավարար քանակությամբ իրոք պիտանի, պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կարող էին ներգրավվել համակարգի փոփոխության գործընթացում: Հիմա ես չգիտեմ՝ վարչապետն ինչ մեխանիզմներով է ուզում ջարդել հին համակարգը: Նախկին իշխանությունը գնացել է, բայց նախկին իշխանության ռեսուրսները շարունակում են աշխատել նոր Հայաստանում կամ անցումային Հայաստանում: Երբ ասում ես պետական համակարգ, համահավասարեցնում ես այն ուժերին, որոնք քո դաշնակիցները կամ պոտենցիալ դաշնակիցներն էին, եւ այն ուժերին, որոնք բացահայտորեն կամ ծպտված թշնամիներ են:
Սրա պատճառն այն է, որ վերլուծություն չի արվում: Ես չեմ տեսնում, որ համակարգի ղեկավար անձինք ուսումնասիրեն եւ պարզեն, թե ովքեր ունեն փոփոխությունների, ստեղծարարության ռեսուրսներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ կերպով աշխատեցնել, ուսումնասիրված չէ, թե ովքեր են պայմանական թշնամիները, հակառակորդները եւ այլն: Ահա թե ինչ էր հարկավոր ի սկզբանե անել` դեռ 2018-ի ամառվանից սկսած: Ցավում եմ, քանի որ նկատել էի, որ այդ ուսումնասիրությունն արվում էր, օրինակ, Մշակույթի նախարարությունում որոշ մասնագետների, փորձագետների կողմից, սակայն այդ արդյունքները շատ թերի են օգտագործվում, եթե, իհարկե, առհասարակ օգտագործվում են:
-Հիմա գերատեսչություններում կարող են գաղափարի համար ընդվզել եւ, անկախ ամեն ինչից, համարվել հակահեղափոխական: Այստեղ վտանգ տեսնու՞մ եք:
-Վտանգ միշտ տեսնում եմ, քանի որ Հայաստանն անցումային վիճակում է: Բայց քանի որ մեր նոր իշխանությունը ժողովրդավարության, մեդիայի ազատականացման ջատագով է, հակակշիռներ կստեղծվեն: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններում ամենալուրջ փոփոխությունները վաղուց պետք է կատարված լինեին, դատական համակարգը պետք է փոխված լիներ: Եթե դա տեղի ունեցած լիներ, Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես գալու կարիք չէր ունենա: Մենք կունենայինք ուժային կառույցներ, որոնք նորովի կաշխատեին, իսկ մենք ունենք, օրինակ, ոստիկանություն՝ հին էությամբ: Ուժային կառույցները եւս, առանց վերը նշածս ուսումնասիրությունների, չեն կարող թիրախային կերպով ջարդել նախորդ համակարգը: Ամեն դեպքում, ինչպես նշեցի, խորհուրդ կտայի վարչապետին «պետական համակարգ» բառը տվյալ կոնտեքստում չգործածել. դա բերում է համահարթեցման եւ հիասթափեցնում է ժողովրդին:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում նաեւ ասել է՝ եթե պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ ու ասենք՝ նորն ենք ստեղծում, բոլոր հաստիքները թափուր լինեն, համապատասխան մասնագետներ չեն գտնվի:
«ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»,-հայտարարել է նա:
Աննա Բաբաջանյան