2019թ. դեկտեմբերի 11-ին` Ժամը 21.30-ի սահմաններում,«Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ղալեչյանը։Նա հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու 61 հասցեում գործող, նախկինում դատապարտված, 34-ամյա Ավագ Բալինյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող «Մանարս» ավտոգազալցակայանից, ուր Ավագ Բալինյանի ատրճանակի 3 կրակոցներից վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրում հայտնաբերվել են 3 կրակոցների պարկուճները, բայց ոչ ատրճանակը: Վիրավորը ծանր վիճակում «Դիլիջան» ԲԿ-ից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել է Ավագ Բալինյանը, որը այնուհետեւ դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Տեղեկացնենք, որ Ա. Ղալեչյանը նախկինում եղել է դատապարտված: Նա 2018թ.«Դիլիջան» ազգային պարկի հարեւանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Թեղուտ համայնքի նախկին ղեկավարի որդու` Արագած Թամրազյանի վրա: Արման Ղալեչյանը հիմա փախուստի մեջ է, նա կարողացել է հատել Տավուշի մարզի սահմանները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ,եւ քննչական վարչության պետ Ա. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ: Նա հայտնաբերված չէ:
Դեպքի վայրի հարեւանությամբ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում է վիրավոր Ա. Ղալեչյանի ընկերոջը, որը, իմանալով տեղի ունեցած դեպքի մասին, շտապել է դեպքի վայր ու վթարի ենթարկվել: Արման Ղալեչյանը եւ Ավագ Բալինյանը գտնվել են քավոր-սանիկական հարաբերությունների մեջ, նրանց մեջ անձնական բնույթի խնդիրներ են ծագել, որն էլ պատճառ է դարձել կրակոցների:
Ոսկան Սարգսյան
Տավուշ