Արա Նռանյանը վերջնականապես հեռացավ. ինչ է սպասվում Հաշվեքննիչ պալատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի մարտին: Ինչպես հայտնի է, ե՛ւ «Հաշվեքննիչ պալատի մասին», ե՛ւ ԱԺ կանոնակարգ-օրենքները սահմանում են, որ նոր անդամի ընտրության հարցը անհրաժեշտ է քննարկել նախորդի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ: Այսինքն` փաստացի սեպտեմբերի 13-ից Արա Նռանյանի աթոռը համարվում էր թափուր, եւ ԱԺ խմբակցությունները սկսել էին նոր թեկնածուի առաջադրման գործընթաց, սակայն մինչեւ այժմ չեն կարողացել կարգավորել այդ հարցը, եւ երեկվանից այդ տեղը վերջնականապես թափուր է մնացել:

Ի՞նչ է սպասվում Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Նախ` Սահմանադրության 199 հոդվածը սահմանում է Հաշվեքննիչ պալատի կազմը եւ կազմավորման կարգը: Ըստ այդմ, Հաշվեքննիչ պալատի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ` ներառյալ պալատի նախագահ:

Իսկ, ահա, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին»: Այս դրույթն արդեն իսկ կատարվել է, եւ փաստացի այս երեք ամսվա ընթացքում խմբակցությունները չեն կարողացել հարցի լուծումը գլուխ բերել:
ԱԺ կանոնակարգ օրենք 145-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ,

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Եվ քանի որ լիազորությունների ավարտից շուտ գործընթացը չի կայացվել, ապա երեք ամսվա ընթացքում խորհրդարանը պետք է կարողանա ընտրել Հաշվեքննիչ պալատի նոր անդամ: Բացի այդ, նույն կանոնակարգի համաձայն` թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ,

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Եվ կրկին, քանի որ լիազորությունների ավարտից առաջ չի ստացվել գործընթացը կազմակերպել, եւ թեկնածուները մերժվել են, տասնօրյա ընթացքում պետք է խորհրդարանական խմբակցություններից որեւէ մեկը կրկին թեկնածու առաջադրի:

Եվ այստեղ հետաքրքրական է, որ այս ընթացքում իշխանական «Իմ քայլը» եւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հաշվեքննիչ պալատի անդամին մեկական թեկնածու առաջադրել են, սակայն արդյունքում գլխադասային համարվող Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում մերժվել: Եվ ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ԲՀԿ խմբակցությունը որոշել է այս գործընթացին չխառնվել եւ թեկնածու չի առաջադրի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ հարցի հանգուցալուծումը բարդ է լինելու:

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլեւս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ, ինչպես հայտնեցինք, ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է: Եվ հետաքրքիր է, որ իմքայլականների թեկնածու Սամվել Եղիազարյանը, ում թեկնածությունը մերժվել է, պատգամավոր Արփի Դավոյանի մտերիմն է եղել:

Եվ հիմա իշխող «Իմ քայլը» խմբակցությունը 10 օր ժամանակ ունի նոր թեկնածու առաջադրելու համար, այլապես իրավական ընթացակարգի խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ժամկետների խախտում կլինի: Մեր տեղեկություններով` այս օրերին քննարկումներ եղել են իշխող խմբակցության ներսում, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Ամեն դեպքում, երեկվանից Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի տեղ թափուր է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս