Երեկ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «շնորհքով ներխուժել էր» ՀՖՖ նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բնակարան` խուզարկության:
Բացի առանձնատնից, խուզարկվեցին նաեւ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը եւ նրան պատկանող այլ տարածքներ: Ավելի ուշ առանձնատնից դուրս եկավ ինքը` Ռուբեն Հայրապետյանը , որը իր թոռնիկին զբոսանքի էր հանել, եւ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, ապա հանդես եկավ ասուլիսով: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ են փնտրում իրավապահները եւ, առհասարակ, ինչ են հայտանաբերել նրա առանձնատնից: Ի պատասխան` Ռուբեն Հայրապետյանը հեգնելով եւ կատակելով հայտնեց. «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:
Ի վերջո, ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրավապահները մտել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, որի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, եւ հարուցվել է քրեական գործ: Ահա այս քրեական գործի շրջանակներում էր երեկխուզարկություն իրականացվում:
Կոնկրետ ի՞նչ շինարարության եւ, առհասարակ, ո՞ր տարիների գործարքների մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, 2010 թվականի սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Հրազդանի մարզադաշտում հյուրընկալել էր Թուրքիայի հավաքականին, եւ Հայաստան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքեր, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել, եւ դատելով տարվող քննությունից` գումարը «մեջ մեջ» են արել: Իսկ որքա՞ն գումարի մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է: Իսկ յուրացվել է, թե ոչ, ցույց կտա տարվող քննությունը:
Իսկ ինչո՞ւ հենց հիմա: Ի՞նչն էր խանգարում մինչ այս իրագործել Հայրապետյանին «վնասազերծելու» օպերացիան: Երեկ արդեն վարկած էր շրջանառվում այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանին հիշեցին հիմա, քանի որ ՀՖՖ-ում ընտրություններ են սպասվում, եւ Հայրապետյանը շարունակում է ֆուտբոլային կյանքում ազդեցիկ մնալ: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, երբ ՀՖՖ գործկոմը եւս լուծարվեց, դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ում պետք է նոր գործկոմ ձեւավորվի, որն էլ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ կընտրի: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածու` ՀՖՖ նախկին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը:
Վերջինս ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, իսկ Արմեն Մելիքբեկյանը Հայրապետյանի հետ թշնամական հարաբերություններ ունի: Եւ բացառված չէ, որ այս թշնամությամբ է պայմանավորված 9 տարի առաջ տեղի ունեցածի մասին հիմա վերհիշելը:
Քնար Մանուկյան