«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել դատական համակարգում տիրող իրավիճակի մասին: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` դատավորները հանդիպում են եւ ներքին կարգով քննարկումներ են ունենում դատական համակարգի շուրջ տարվող խոսակցություների վերաբերյալ:
Այսպիսով, դատավորները ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել` ինչու է ձգձգվում դատաիրավական համակարգի բարեփոխումների համար խոստացված դրամական աջակցությունը: Ըստ դատավորների ներքին խոսակցության. «Հեղափոխության առաջին իսկ օրերից կարեւորվում էր դատական իշխանության անկախությունը:
Ընդ որում, իշխող ուժը այդ առումով քաղաքական հայտարարություն կատարեց` հրապարակային խոստանալով զերծ մնալ դատական իշխանության նկատմամբ որեւէ ներգործությունից: Սակայն բոլորը, այդ թվում` իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, փաստաբանական համայնքը, հասկանում էին, որ դա բավարար չէ ցանկալի արդյունքը ունենալու համար:
Հնարավոր բարեփոխումների կարեւորագույն պայմաններ էին դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացումը, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ապահովումը, ինչպես նաեւ դատավորների աշխատավարձի համապատասխանեցումը գոնե միջազգային չափանիշների մինիմալ շեմին: Հաշվի առնելով գործընթացի կարեւորությունը` մի շարք միջազգային կառույցներ իրենց աջակցությունը հայտնեցին թե՛ իրավական փորձագիտական, թե՛ դրամական մակարդակով, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ոչ մի գործուն շարժ այդ առումով չի եղել, կարելի է ենթադրել, որ կան որոշակի թաքնված խութեր, կամ խոստման իրականացումը պայմանավորված է մի շարք հանդիպակաց հնարավոր պարտավորությունների կատարմամբ:
Այսպես, վերջին պահին անհասկանալի փոխվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, եւ իշխանության ներկայացուցչի փոխարեն ընտրվում է անձ, որի անունը կապվում է միջազգային դրամաշնորհների հետ: Խոսվում է նաեւ այն մասին, որ հնարավոր միջազգային դոնորների աջակցությունը պետք է ակնկալել միայն դատավորների բարեվարքության ստուգման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո: Եվ քանի որ բարեվարքության ստուգման արդյունքում ենթադրվում է դատավորների 70-80 տոկոսի փոփոխություն, ստացվում է, որ դրամական աջակցությունը փոփոխությունների արդյունքում եկող նոր, մեծամասամբ 25 տարին լրացած դատավորների համար է նախատեսվում: Ուրեմն ո՞ւմ քիմքին պետք է հաճո լինի այդ դեպքում նոր համակարգի իրականացվող արդարադատությունը:
Մանրամասները՝ ArmLur.am—ի տեսանյութում։
Քնար Մանուկյան