Խոշտանգման գործը` վերաքննիչում․ ինչ պատիժ կստանա Գերասիմ Մարդանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, մեղադրական ելույթում դատարանին միջնորդել էր Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Գ. Մարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչել` ասելով, որ քրեական գործը շինծու է, անտառախախտումներ կատարող Սիմոնյանների ընտանիքը իրեն մեղադրել է խոշտանգման մեջ, քանի որ ինքը չի կատարել նրանց խնդրանքը եւ ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող տարածք տեղափոխված բեռնատարը նրանց չի վերադարձրել:

Դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել:

2019թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքում դատախազ Վ. Սարգսյանն ավարտեց մեղադրական իր ճառը: Նա դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ կայացնել մեղադրական դատավճիռ: Մեղադրական ճառով հանդես եկավ նաեւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա ելույթում շատ էին հղումները խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված գործերին: Նա ասաց, որ խոշտանգման հետեւանքով իր պաշտպանյալը ենթարկվել է ֆիզիկական ցավի, հոգեբանական տրավմա է ստացել, երեկոյան ժամերին չի կարողանում քնել: Նա դատարանին հայտնեց, որ շուտով Հայաստան է ժամանելու խոշտանգման գործերով հանձնաժողով, Հայաստանում խոշտանգման բազմաթիվ գործերով մեղադրական դատավճիռներ չեն կայացել, հիշյալ քրեական գործը հետագայում կարող է գնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախագահող դատավոր Մնացական Հարությունյանը Ա. Ղարագյոզյանին տարակուսանքով հարցրեց` խոշտանգման գործով մեղադրական դատավճիռ այացնելու համար նշված քրեական գործը պետք է արդյոք ցուցանիշ ապահովի:

Ա. Ղարագյոզյանի մեղադրական ճառը բաղկացած էր 38 էջից, նա 18 էջ էր ընթերցել, աշխատանքային օրն ավարտվում էր, դատավոր Մ. Հարությունյանն ավարտեց նիստը` հաջորդ նիստը նշանակելով 2020թ. հունվարի 22-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս