Այսօր Կոստան Զարյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ նշանավոր գրող Կոստան Զարյանը (1885թ. փետրվարի 2-1969թ. դեկտեմբերի 11) (իսկական անունը` Կոստանդին Եղիազարյան) ծնվել է Շամախի քաղաքում: 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Զարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա:

Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանը մեկնում Բելգիա ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան:

1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն: Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն:

Իր առաջին գիրքը` «Երեք երգերը», գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին): Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա: Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է:

1914 թվականից Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնում է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսնում 1914թ.-ի հունվարին:

1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը: 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերենով առաջին գիրքը` «Օրերի պսակը»:

Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում:

Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է: Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն:

Սպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ճգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել մարդը: Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում:

Դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին, երբ մտավորականների զգալի մասն ապրում էր “Viva America” նշանաբանով, Կոստան Զարյանը տեսնում էր ամերիկյան ապրելակերպի` աշխարհի համար հնարավոր վտանգի եղելությունը:

Այնուամենայնիվ, Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում: Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին: Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:




Լրահոս