22 միլիոն դոլար «կորզելու» բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին գրեթե աննկատ հասունանում է մի խնդիր, որն իր հետևանքներով կարող է ցնցել հայաստանյան բանկային համակարգի` մինչ օրս չխաթարված կայունությունը: Խոսքը «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝«ԱյԴի Բանկ»)» դատական գործի մասին է, որով փորձ է արվում հօգուտ գործարար Գևորգ Աֆանդյանի բանկից բռնագանձել մոտ 22 մլն ԱՄՆ դոլարի կարգի գումար:
Սպոյլեր. Բանկը «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ սնանկության հետ որևէ կապ չունի։ Ընկերությունը սնանկացել է սեփականատերերի կառավարման հետևանքով։ Ի դեպ, «Արզնին» գործարար Գևորգ Աֆանդյանի ձախողված բիզնես ձեռնարկումներից ընդամենը մեկն է:

Այս պատմությունն աչքի է ընկնում ոչ՝ հայցվող գումարով, որն աննախադեպ է ՀՀ բանկային համակարգի համար, և ոչ էլ՝ «ԱյԴի Բանկի»՝ 100 % արտաքին ներդրումներով գործող բանկ լինելու հանգամանքով։ Խնդիրը երևույթի շուրջ ձևավորված «հանդուրժողականության» գաղջ մթնոլորտն է, որի պայմաններում, բոլորի աչքի առջև, ական է դրվում մեր երկրի տնտեսական զարգացման հիմքերի տակ:
Նշենք, որ վտանգի մասին, բացի բուն «ԱյԴի Բանկից» (որն այս խնդրի մասին տեղեկացրել է երկրի վարչապետին), բարձրաձայնել է նաև ՀՀ ԿԲ նախագահը, թեման քննարկվել է երկրի խորհրդարանում, իսկ Հայաստանի բանկերի միությունը, ավելի առաջ գնալով, հայտարարել է, որ հետայսու ուշադիր հետևելու է Աֆանդյանի՝ ՀՀ բանկերի հետ ունեցած բոլոր դատավարությունների ընթացքին: Իսկ դրանց մեջ ներքաշված են «HSBC»-ն, «Ինեկոբանկը», «Արդշինբանկը», «ՎՏԲ Հայաստան Բանկը», «Բիբլոս Բանկը», «Ամերիաբանկը», և, իհարկե, «ԱյԴի Բանկը»: Վերջինիս դեմ Գ. Աֆանդյանի նախաձեռնած դատական գործի ընդամենը մեկ մասով գործարարը բանկից պահանջում է ՀՀ բանկային համակարգի պատմության համար նախադեպը չունեցող մի գումար` 22 մլն. ԱՄՆ դոլար:
Այսպիսով՝ «ծուխը» կա, մնում է հասկանալ, թե ո՞րն է դրա հիմքում ընկած «կրակը»: Այն նույնպես, կարծեք թե, լայնորեն լուսաբանվել է. 2010 թվականին Գևորգ Աֆանդյանը բանկից վերցրել է 7 մլն. ԱՄՆ դոլար վարկ, փոխարենը գրավադրել ժամանակին ընդամենը 30,000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած «Արզնի» հանքային ջրերի գործարանն իր գույքով, հետո պարտավորությունները չի կատարել, և գույքը 2015 թ-ին անցել է բանկին: Աֆանդյանը «Անելիք բանկ»-ի հետ ձեռք է բերել համաձայնություն, ըստ որի, արդեն բանկին պատկանող գույքը երկու տարվա ընթացքում կարող էր ձեռք բերվել Գևորգ Աֆանդյանի, կամ իր կողմից նշված անձի կողմից: Հակառակ դեպքում բանկը պարտավորվում էր վճարել գույքի արժեքի (հետաքրքիր է, որ չի բարձրաձայնվում այդ գույքի արժեքի որոշված լինելու մասին) հնգապատիկի չափով տուգանք:

Որոշ ժամանակ հետո, պահպանելով 2015 թ-ի համաձայնագրի պահանջները, բանկի բաժնետերը Գ. Աֆանդյանի համաձայնությամբ նախաձեռնում է գույքի օտարման գործընթացը մի նոր ընկերության, որը ստեղծվում է բացառապես «Արզնի» հանքային ջրերի գործարանի շահագործումը շարունակելու համար: Նոր ընկերության 33,3 % բաժնեմասը, ինչպես ասվում է՝ «ձրի», հանձնվում է Գ. Աֆանդյանի որդուն: Գործարքի արդյունքում բանկը ձերբազատվում է Աֆանդյանների կողմից շահագործվող գույքից, իսկ վերջիններս ոչ միայն իրենց են վերադարձնում «Արզնի» հանքային ջրերի գործարանի մի մասը, այլև ապահովում սեփական արտադրությունը շարունակելու հնարավորությունը:

Մեկ տարի անց, սակայն, Գ. Աֆանդյանն սկսում է պնդել, որ գույքն առանց իր համաձայնության վաճառվել է «ինչ-որ անհասկանալի ընկերության», այնուհետև հայց է ներկայացվում դատարան` 22 մլն ԱՄՆ դոլարի չափով տուգանքի պահանջով: Գործը դատավարական (և ոչ միայն) խախտումներով քննում է Կոտայքի մարզի դատարանը (որը, տարօրինակ զուգադիպությամբ, մինչև այդ պահն արդեն քննել էր Աֆանդյանի մի շարք ընկերությունների սնանկության գործերը) և կայացնում գործարարի համար բաղձալի որոշումը՝ բռնագանձել հիշյալ գումարը:
Խայտառակ որոշումը, բնականաբար, չեղարկվում է Վերաքննիչ դատարանի կողմից։ Սակայն Աֆանդյանը հասցնում է 2018 թ. հուլիսին «Հետք»-ի լրագրողներին հայտնել, որ 22 մլն դոլարից, որը պետք է ստանա բանկից, պատրաստվում է վճարել «Արզնի» հանքային ջրերի գործարանի սնանկության գործով ունեցած 11 մլն. պարտքերը, 1-2 մլն. դոլար ուղղել պետության հարկերին ու տուրքերին, որից հետո մոտ 9 մլն. ԱՄՆ դոլարի չափով գումարն էլ կհայտնվի իր հաշվեհամարին: Չափազանց նուրբ դրվագ. Աֆանդյանի սխեմայով՝ ընդամենը 4.5 միլիոն դոլարի դիմաց գրավադրված գույքի համար նա ակնկալում էր ստանալ 22 միլիոն, որից 13 միլիոնը պետք է տար ուրիշ մարդկանց ու ընկերությունների՝ որոնց վաղուց պարտք էր։ Բնականաբար՝ վերոհիշյալ մարդիկ ու ընկերությունները շունչը պահած սպասում էին, թե երբ պետք է Աֆանդյանը ստանա այդ գումարը՝ որպեսզի փակի իրենց ունեցած պարտքերը։
Բայց ամեն ինչ չափազանց տարօրինակ կլիներ, եթե այդքան հեշտ լիներ. բոլորի համար անսպասելիորեն պարզվում է, որ 62 տարեկան Գևորգ Աֆանդյանի տարեց հայրը՝ Ռաֆիկ Աֆանդյանը, ոմն Կարապետ Ալեքսանյանի պարտք է 15.000.000.000 (այո՛, 15 մլրդ.) ՀՀ դրամ, իսկ որպես այդ պարտքի ապահովում` դեռևս 2015 թ.-ից գրավադրված է հենց այն 22 մլն ԱՄՆ դոլարը, որը Գ. Աֆանդյանը կարող էր պահանջել բանկից միայն այն դեպքում, եթե վերջինս խախտեր գույքի օտարման վերաբերյալ Աֆանդյանի հանդեպ ստանձնած պարտականությունները: Իհարկե, 22 մլն ԱՄՆ դոլարը չի բավարարում 15 մլրդ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար, բայց դե․․․ այլ լրացուցիչ գրավ չի պահանջվել կամ, հնարավոր է, առջևում դեռ էլի անակնկալներ լինեն։

Ստացվում է, որ եթե անգամ Աֆանդյանին հաջողվի ստանալ այդ 22 մլն. դոլարը, ապա պարտատերերը կարող են անիմաստ հույսեր չփայփայել, քանի որ գումարներն ուղղվելու են Ռաֆիկ պապիի պարտատեր՝ Կարապետ Ալեքսանյանի 15 մլրդ. դրամ պարտքի մարմանը:

Բնականաբար, ցանկացած մարդու մոտ հարցեր կառաջանան. ինչո՞ւ Կարապետ Ալեքսանյանն իբրև պարտքի ապահովում Աֆանդյաններից ոչ թե ինչ-որ գույք է վերցրել, այլ բավարարվել է այդ պահի դրությամբ չեղած գումարով, որը կարող էր «ի հայտ գալ» բացառապես ապագայում սպասվելիք իրադարձությունների արդյունքում: Ապագայու՛մ։ Ի՞նչ երաշխիքներ է ունեցել Կարապետ Ալեքսանյանը, որ «Անելիք բանկը» խախտելու է պայմանավորվածությունները, պարտվելու է դատական գործընթացում և ստիպված է լինելու վճարել աներևակայելի տուգանքը: Մի՞թե տարիներ առաջ արդեն հայտնի էր, թե իրադարձություններն ինչպիսի ընթացք են ստանալու։ Միգուցե գործարարներն իրենց բիզնես հաշվարկները կառուցել են վաղուց արդեն հանդերձյալ աշխարհում գտնվող Նոստրադամուսի՞ հետ։ Իսկ միգուցե դա նախապես մտածված, կանխամտածված սխեմա՞ էր՝ պլանավորված Գ․ Աֆանդյանի կողմից: Դա պարզելը, թերևս, իրավապահների գործն է։

Սա է, փաստորեն, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝«ԱյԴի Բանկ»)» դատական գործում առկա վիճակը, և եթե այս, ինչպես նաև հիշյալ գործով անցնող բազմաթիվ այլ, աղաղակող, ուղղակի խայտառակ հանգամանքներ «վրիպեն» նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ուշադրությունից, ապա դրանց հիմնավոր լինել-չլինելու հարցով, ըստ գործի տրամաբանության, զբաղվելու են համապատասխան՝ արդեն միջազգային ատյանները՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:




Լրահոս