ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է ձմեռային զորակոչը. ինչ ժամկետում կիրականացվի Զինված ուժերի համալրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից մեկնարկում է ձմեռային զորակոչը: «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարալու մասին» որոշման համաձայն կզորակոչվեն շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների համար արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Զինված ուժերի համալրումը կիրականացվի 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 10-ին այցելել էր ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել էր 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել էին զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել էր համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:




Լրահոս