Քարի և ավազի շուկան՝ վերահսկողությունից դուրս․ թանկ շինարարության հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց է իրականացրել եւ պարզել, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում: Նախ՝ նշենք, որ քարի գինը որոշվում է չափերով: Որքան մեծ է, այնքան թանկ է: Բացի այս, քարն է՛լ, ավազն է՛լ վերջին շրջանում զգալի թանկացել են: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է շինարարության ոլորտի աճով: Օրինակ` 1 հատիկ քարը՝ 22 չափ, մի քանի ամիս առաջ վաճառվում էր 180 դրամով, հիմա այն արժե 220-250 դրամ, մինչդեռ այն վերավաճառողները քարի հանքերից ձեռք են բերում ավելի էժան գնով եւ զգալի տարբերությամբ վաճառում: Բացի այս, սպառողներին զայրացնում է այն, որ քար վաճառողները ավտոմեքենաներով են հաշվարկում արժեքը. ինչքան շատ, այնքան գինը ցածր: Նույն պատկերն է նաեւ ավազի շուկայում: Օրինակ` մեկ բեռնատարով ավազը հանքից գնում են 15 հազար դրամով, բայց շուկայում վաճառում 20-22 հազար դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը եղավ քարի եւ ավազի հանքերում եւ փորձեց պարզել գնագոյացումը: Ավազի որոշ հանքերում այն վաճառվում է խորանարդ մետրով. մեկ խորանարդ մետրը կազմում է 2400 դրամ: Օրինակ` «Քար եւ ավազ» ընկերության ավազի հանքում մեկ բեռնատար մեքենա ավազի արժեքը կազմում է 15 հազար դրամ: Հանքի աշխատողների խոսքերով` ավազի հանքում կիրառվող սարքավորումների պահեստամասերը թանկ են եւ ամեն տարի դրանք է՛լ ավելի են թանկանում: Իսկ, ահա, քարի շուկայում պատկերը մի փոքր այլ է: Նախ՝ նշենք, որ քարի շուկայի վերավաճառողները խիստ գաղտնի են պահում, թե որքանով են հանքից քարը գնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք տարբեր պատասխաններ էին տալիս, անընդհատ խուսափում էին պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ հարկային տեսուչները «կգնան իրենց հետեւից»: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ այս շուկան վերահսկողությունից դուրս է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս