Ամուլսարի հանքի հարցով քննարկումը բուռն է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցով Ջերմուկ քաղաքում հանրային լսումներ են անցկացվելու: Մեզ անկացված քննարկումից մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է, հանրային լսումների թեման վերաբերում էր ՀՀ փոխոստիկանապետի, բարձրաստիճան ոստիկանների եւ Վայոց ձորի մարզպետի այն առաջարկին, որ բնակիչները թույլ տան Ամուլսարի տարածքում գտնվող գույքը ձմեռացվի։

Բանն այն է, որ նախորդ անգամ` դեկտեմբերի 9-ին, այդ պաշտոնյաները հանդիպել էին Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ եւ առաջարկել էին բացել Ամուլսարի մուտքերը եւ թույլ տալ, որ «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։ Բանն այն է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Լիդիան» ընկերությունը մինչեւ ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։ Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել էին առաջարկը, սակայն որոշել էին մեկ անգամ եւս հանրային քննարկում կազմակերպել:

Եվ, ահա, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ հարցը դրվել է բաց քվեարկության, եւ ներկաները որոշել են միաձայն թույլ չտալ ձմեռացման աշխատանքներ իրականացնել: Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է 300-ից ավելի քաղաքացի, դահլիճը լեփ-լեցուն է եղել, եւ անգամ եղել են մարդիկ, որոնք դահլիճում նստելու տեղ չեն ունեցել: Ընդ որում, հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Ջերմուկում ապրողները, այլ Երեւանից մեկնել են իրավապաշտպաններ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրային քննարկմանը ներկա են եղել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները, այդ թվում` Վարուժան Ավետիսյանն ու Գեւորգ Պետրոսյանը, ինչպես նաեւ ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Վերջինս ու Վարուժան Ավետիսյանը նաեւ ելույթներ են ունեցել: Ինչպես հայտնի է, նրանք այն անձինք են, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործման հարցին եւ այն օրակարգային խնդիր են համարել, որով նաեւ հակադրվում են օրվա իշխանություններին: Եվ, ահա, դեկտեմբերի 15-ի քննարկումը նրանք եւս մեկ առիթ են համարել այդ տեսակետները հնչեցնելու համար:

Եվ հետաքրքիր է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից կամ ընդդիմադիր պատգամավորներից հանդիպմանը ներկա ոչ ոք չի եղել, եւ, ըստ էության, հանդիպումն ավելի շատ արտախորհրդարանական ֆորմատով է եղել: Սակայն հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս հանդիպումներ են ունեցել ջերմուկցիների հետ, սակայն այս անգամ որոշել են ձեռնպահ մնալ գործընթացից, մանավանդ որ թեման վերաբերել է միայն ձմեռացման աշխատանքները թույլ տալուն կամ չտալուն:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման ժամանակ այդ թեման չի շրջանցվել, եւ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւս անդրադարձել են այդ հարցին ու կրկին ընդգծել, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու հանքի շահագործումը, պայքարելու են ջերմուկցիների հետ, եւ իշխանության որեւէ ներկայացուցիչ էլ չի կարող նրանց հակառակը համոզել:

Ամեն դեպքում, եւս մեկ անգամ ընդգծենք, որ «Լիդիան» ընկերության համար, կարծես թե, դեկտեմբերի 20-ը շատ կարեւոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչեւ այդ: Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ «Լիդիան»-ը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրեւ ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Եվ հենց նաեւ դրանով պայմանավորված է, որ այս օրերին փորձ է արվել համոզել թույլ տալ «Լիդիան»-ին մտնել տարածք եւ ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ «Լիդիանն» արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլեւս տարածք չի էլ մտել։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս