Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գտնվում է հարկային դաշտում: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ նախկինում գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել:
Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը:
2019թ. հոկտեմբերի 17-ին «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ նամակ հանձնեց Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 2019թ. նոյեմբերի 27-ին հաշվի առնելով «Կողբաքար» ՍՊԸ-ի գրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածով, որոշել է Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրն ուսումնասիրելու նպատակով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որի ղեկավար է նշանակել Տավուշի մարզպետարանի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի վարիչ, մարզային հողային պետական տեսչության պետ Արծրուն Նազարյանին:
Մարզպետը հանձնաժողովի նախագահին հանձնարարել է խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունների մասին 15-օրյա ժամկետում իրեն ներկայացնել տեղեկատվություն:«Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը «ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման համար առկա է ՀՀ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ դրական եզրակացությունը: Մերուժան Փաշիկյանը կարծում է, որ այդ գործին խանգարող, նախկին իշխանության ազդեցիկ ուժ կա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ