ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը դեղերի շուկայում վերահսկողություն է իրականացրել: Պարզվում է, որ բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք, որոշ դեպքերում չունենալով սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից առանց փորձաքննության եւ Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում եւ իրացնում են բազմաթիվ չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ եւ հսկվող դեղեր։
Ավելին, դրանք առանց Առողջապահության նախարարության կողմից որեւէ տեսակի փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով, տեղափոխվում են սեփական պահեստներ` դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում եւ հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են:
Պարզվում է, որ տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում կանխարգելիչ վերահսկողություն, ինչի արդյունքում ոչ բարեխիղճ ներմուծողները օգտվեում են այդ հնարավորություններց եւ մոռանալով անվտանգության մասին` զբաղվում են միայն իրենց կոմերցիոն շահերը սպասարկելով։
Փաստորեն, տեսչական մարմինն առաջարկում է «Վերո սիսթեմ» եւ «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով վերահսկելի դարձնել դեղերի շուկան: Ի դեպ, «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված եւ անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա։
Սյունէ Համբարձումյան