Ուրախանում եմ երեխաներիս ուրախությամբ, Ամանորն արդեն նրանց համար է. Ասո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հայտնիների հետ նախաամանորյա զրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արսեն Գրիգորյանն է՝ Ասոն: Նա խոստովանեց, որ Ամանորին առանձին անհամբերությամբ սպասել է միայն մանուկ հասակում, իսկ երբ ինքն արդեն ունեցավ երեխաներ, Ամանորը դարձավ տոն հենց նրանց համար: «Ուրախանում եմ երեխաներիս ուրախությամբ, այս տոնն արդեն նրանց համար է: Սովորաբար տրամադրված չեմ լինում Ամանորի գալստին, բայց փորձում եմ ընտանիքիս հետ լավ ժամանակ անցկացնել:

Զավակներս 13, 12 եւ 4 տարեկան են: Փորձում ենք տոնական մթնոլորտ ապահովել հատկապես փոքրիս՝ որդուս համար: Նա Ձմեռ պապիկից խնդրել է ռոբոտ եւ ժամացույց: Օրերս նամակ կգրենք Ձմեռ պապիկին, կկապենք փուչիկին ու բաց կթողնենք օդ»,- պատմեց Ասոն:

Նա նախընտրում է դեկտեմբերի 31-ի գիշերը լինել տանը, ընտանիքի հետ, իսկ հաջորդ օրն արդեն նշել Ամանորը ընկերների հետ:

Մենք հետաքրքրվեցինք՝ ամանորյա ուտեստներից որոնք է սիրում երգիչը: «Ավանդական ուտեստներից սիրում եմ նրբաբլիթը, պասուց տոլման: Իսկ բուդը, օրինակ, չեմ էլ սիրում, թեպետ երբեմն պարտադրված դնում ենք սեղանին»,- ասաց երգիչը:

Նա մաղթեց, որ 2020 թվականը հայ ազգի համար հաջողակ տարի լինի. «Իսկ ինքս ինձ մաղթում եմ, որ ընտանիքիս բոլոր անդամները միշտ առողջ լինեն: Եթե մարդ առողջ չէ, մնացած ամեն բան կորցնում է իմաստը»:

Հարցին, թե չէր ցանկանա արդյոք Ձմեռ պապիկից նյութական նվեր խնդրել, օրինակ՝ լավ մեքենա, Ասոն պատասխանեց. «Ջահել ժամանակ էի ձգտում լավ ավտո վարել, բայց այդպես էլ չստացվեց: Թեպետ իմ յուրաքանչյուր մեքենան էլ ինձ համար թանկ է եղել, որովհետեւ քրտինքովս եմ վաստակել ու գնել: Հիմա Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ միշտ աշխատանք ունենամ, հալալ քրտինքով գումար վաստակեմ, ընտանիքս պահեմ»:

Անի Անտոնյան




Լրահոս