3 տարի է՝ ընտրյալ ունեմ, նա ապրում է Լոնդոնում. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոք երգիչ եւ երաժիշտ Անդրե Սիմոնյանը, որը տարվա կեսը անցկացնում է Մեծ Բրիտանիայում, կեսը՝ Հայաստանում, օրերս ժամանել է Երեւան: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր լոնդոնյան ծրագրերից, Հայաստանում առաջիկա անելիքներից: Մենզ զրուցել ենք նաեւ երգչի անձնական կյանքի մասին: Նա խոստովանել է, որ արդեն երեք տարի է՝ ընտրյալ ունի: Հետաքրքիր է, որ Անդրեի սիրելին եւս պարսկական, հայկական եւ եվրոպական մշակույթների կրող է, ինչպես ինքը՝ երգիչը: Վերջինս կատակով նշում է՝ գուցե այդ է պատճառը, որ իրար հետ կարողանում են «յոլա գնալ»:

-Անդրե՛, նախ պատմեք, թե Լոնդոնում ինչով եք զբաղված: Կարծես թե այնտեղ երաժշտության ասպարեզում չէ, որ դրսեւորվում եք:

-Լոնդոնում ընկերոջս հետ եմ համագործակցում, զբաղվում եմ բիզնեսով, այսպես ասած, չոր բիզնեսով (ծիծաղում է): Իսկ արդեն Հայաստանում դառնում եմ արտիստ ու պրոդյուսեր: Արդեն 7 տարի է՝ Երեւանում ունենք ընկերություն, որը զբաղվում է պրոդյուսերությամբ (աշխատում ենք Իվետա Մուկուչյանի, Սեւակ Ամրոյանի, Հայկ Պետրոսյանի եւ այլոց հետ) եւ համերգների կազմակերպմամբ (օրինակ՝ «Մոդերն Թոքինգ»-ի համերգը Երեւանում):

-2020-ին լրանում է «The Beautified Project» խմբի 15-ամյակը: Մտադի՞ր եք վերամիավորվելու, գուցե համերգով հանդես գալու: Երկրպագուները սպասե՞ն անակնկալների:

-Այո, լրանում է նաեւ «Butterfly» ալբոմի 10-ամյակը. նշելու միանգամից երկու առիթ կա: Ուղղակի մեր հարվածային գործիքներ նվագողը ՌԴ-ում է, խումբը ցրված է, այնուամենայնիվ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Այնպես որ, կարող է մի բան անենք, թեպետ ոչինչ խոստանալ չեմ կարող:

-Անդրե՛, անձնական կյանքում փոփոխություններ սպասվու՞մ են: Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Անձնականում փոփոխություն կա: Արդեն երեք տարի է՝ ունեմ ընկերուհի, բայց քանի որ «թափառական» կյանքով եմ ապրում, դեռ հարաբերությունների օրինականացում մոտ ապագայում չի սպասվում: Արդեն սկսել եմ ճամպրուկի մեջ ապրել (ծիծաղում է): Համենայնդեպս, իմ վերջին հանգրվանը Հայաստանն է լինելու:

-Իսկ Ձեր ընտրյալը հա՞յ է, Երեւանի՞ց է:

-Այո, նա ճիշտ եւ ճիշտ ինձ պես է ապրել. ծնվել է Իրանում, 1 տասնյակից ավել ապրել է Երեւանում, եւ 6-7 տարի է՝ ապրում է Լոնդոնում: Երեւի նաեւ այդ է պատճառը, որ մենք իրար հետ «յոլա ենք գնում», երկուսս էլ անցել ենք 3 մշակույթներով. պարսկական ուտելիք եm ուզում ուտել, ինձ հասկանում է, ասում եմ չալաղաջ, հասկանում է, ասում եմ սթեյք, հասկանում է (ծիծաղում է): Ինքն էլ ինձ պես հաճախակի այցելում է Հայաստան:

-Այս տարի Ամանորը որտե՞ղ եք նշելու: Սիրո՞վ եք սպասում Նոր տարվա գալստին:

-Երեւանում: Մեր ընկերությունը պետք է կազմակերպի նաեւ ամանորյա միջոցառումներ, ծանր շրջան է, եկել եմ նաեւ օգնելու: Նոր տարվան մանուկ հասակում եմ անհամբերությամբ սպասել, բայց հիմա այն դարձել է հերթական կորպորատիվ իրադարձություն, որի շնորհիվ հատկապես մեծ ընկերությունները փորձում են մարդկանց հնարավորինս «քամել»: Մարդիկ փոխարենը ուրախությամբ սպասեն տոնին, ավելի շատ սթրես են ապրում, մտածում են՝ ինչ են ուտելու, ինչ են նվիրելու եւ այլն… Այդ ամանորյա աժիոտաժից ես միշտ փախել եմ (ծիծաղում է): Մենք միշտ նեղ շրջանակով ենք նշել Ամանորը, երբեք մեզ ճոխություններ թույլ չենք տվել:

-2020 թվականի համար ի՞նչ ցանկություն եք պահում` կլինի գործնական, թե անձնական:

-Լոնդոնի բիզնեսը եւս մեկ փուլով ցանկանում եմ զարգացնել: Բացի այդ, արդեն երեք տարի է՝ ձայնագրում եմ 10 դուետների ալբոմ՝ հայերեն, անգլերեն, վրացերեն տարբեր երգիչ-երգչուհիների հետ, բոլոր երգերն ունեն տեսահոլովակներ, եւ ես հուսով եմ, որ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կկարողանամ այդ ալբոմը թողարկել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս