«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին Արցախ են մեկնել ԱԺ մի խումբ պատգամավորներ, որոնք երեկ ԼՂՀ խորհրդարանում հանդիպում են ունեցել Արցախի պատգամավորների հետ:
Ըստ մեր տեղեկությունների` այս օրերին Արցախում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իշխանական խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տիգրան Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ծովինար Վարդանյանը, Արման Բոշյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ու Արկադի Խաչատրյանը:
Զարմանալին այն է, որ ԼՂՀ խորհրդարանում պատգամավորների հետ նիստին մասնակցել է նաեւ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, որը, չգիտես ինչու, գրեթե բոլոր տեղերում գլխավոր ներկան է:
Ինչեւէ, ըստ պաշտոնական տեղեկատվության` Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Երեկ խորհրդարանում իմքայլականներից «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ արցախյան այցի պատգամավորների ընտրությունը, թե ով պետք է մեկնի, անհասկանալի ձեւով է բախշվել, քանի որ, կարելի է ասել, խմբակցության ղեկավարությունը իր հետ Արցախ է տարել այն պատգամավորներին, որոնց հետ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ