ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության ծառայությունում» Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել: Հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը ռիսկային է գնահատել աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակի վերահաշվարկման գործընթացը: Այդ նպատակով 2018 թվականին աշխատող կենսաթոշակառուների ցանկը, որոնց կենսաթոշակը վերահաշվարկվել է 2018-ի ընթացքում, համադրվել է ՍԷԿՏ համակարգում առկա տվյալների հետ, որի արդյունքում 48 հազար 829 կենսաթոշակային գործից 479-ը ՀՀ-ից բացակայել են 3-12 ամիս ժամանակահատվածով, այդ թվում` 244-ը բացակայել են 12 ամսից ավել, իսկ մնացած 235-ը` 3,6 եւ 9 ամսից ավելի ժամանակահատվածում:
Իսկ, ահա, սխալներ եւ խնդիրներ պարունակող թվով 1242 տեսաներմուծված աշխատանքային գրքույկների անվանացանկում տեղ են գտել հետեւյալ բնույթի անճշտություններ. ամբողջ գրքույկը կցված չէ, էջերը կրկնակի են տեսաներածված, աշխատանքային գրքույկին կցված է այլ անձի աշխատանքային գրքույկը, գրքույկի որոշ էջեր բացակայում են, էջերը կրկնակի են տեսաներմուծված, կցված է սխալ սերիա եւ համարով գրքույկ, խախտված է էջերի հերթականությունը, էջերը անընթեռնելի են: Մինչդեռ, ըստ պայմանագրի, տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 0.5 տոկոսի չափով: Բայց, արի ու տես, կատարողի նկատմամբ չեն ձեռնարկվել պայմանագրով նախատեսված պատասխանտվության միջոցներ այն դեպքում, երբ յուրաքանչյուր դեպքի տույժի չափը կազմում է 176 հազար 400 դրամ: Ընդհանուր առմամբ սխալ տեսաներածված ընդամենը 4 դեպքերով եւս թվով 487 գրքույկներ շտկվել են վճարումից հետո: Այսինքն` 4 դեպքերով տույժի չափը կազմում է 705 հազար 600 դրամ: Այս դեպքում, սակայն, ծառայությունը պալատին որեւէ ձեւով չի արձագանքել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծառայության կողմից այս տարվա օգոստոս ամսվա ստացված տվյալները ներկայացվել են դատախազություն ստուգման համար, հուլիս ամսին Սոցապ նախարարությունը գրություն է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ծառայության պետի մայիսի 15-ի կարգադրությամբ իրականացվել են առկա տեղեկատվության ճշտումներ: Բայց, չնայած սրան, 2018-ի տվյալների համադրումների արդյունքները ցույց են տալիս, որ նշված ուղղությամբ ռիսկը դեռեւս բավականին բարձր է:
Փաստորեն, 2018 թվականի բոլոր ամիսների հարցումների արդյունքում «12 ամիս բացակայում է» կարգավիճակով անձանց բանկերի միջոցով վճարվել է ավելի քան 3 մլրդ 3 մլն դրամ, իսկ «Հայփոստի» միջոցով վճարումները կազմել են 1 մլրդ 781 մլն դրամ, որից լիազորված անձանց միջոցով վճարումները կազմել են 765 մլն 155 հազար դրամ:
Ըստ Պալատի` Հայփոստի միջոցով լիազորված անձանց վճարումները գնահատվել են ռիսկային, քանի որ ՍԷԿՏ համակարգի կողմից ստուգման արդյունքում տրամադրված տվյալները պարունակում են տվյալներ միայն 3,6,9 կամ 12 ամիս բացակայելու մասին առանց կոնկրետ ամսաթվերի, ինչը հնարավորությւոն չի ընձեռում գնահատել լիազորագրի տրամադրման ժամկետների հավաստիությունը:
Իսկ «12 ամիս բացակայում է» կարգավիճակով Հայփոստի միջոցով վճարումները անցած տարվա ընթացքում կազմել են 4 մլն 754 հազար դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ ոչ իրավաչափ, վերադարձման ենթակա գումարներ հայտնաբերելու դեպքում ծառայության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվում է առերեւույթ հանցագործության մասին հաղորդում: 2018 թվականի ընթացքում ներկայացվել է թվով 4 հաղորդում:
Սա դեռ ամենը չէ. պարզվել է, որ 3,6,9 կամ 12 ամիս բացակայած շահառուների վերաբերյալ ցանկերում առկա վճարումներով շահառուները գտնվել են ՀՀ-ից դուրս: Օրինակ` 3 անձի դեպքում կենսաթոշակը ստանալու համար լիազորված անձինք կրկնվել են: Ի դեպ, նկատենք, որ Հայփոստին 1 կենսաթոշակառուի համար մատուցված ծառայությունների դիմաց պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված վճարումները 12.4 անգամ գերազանցել են բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումներին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թվով 52 սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում հաշվառված 2148 ընտանիքների 2603 սոցիալական որեւէ խումբ ունեցող անդամներ անցած տարվա դրությամբ 90 օրից ավելի օրեր բացակայել են ՀՀ-ից: Այդ ընտանիքներին անցած տարվա ընթացքում այդ անձանց բացակա լինելու ժամանակահատվածում վճարվել է 326 մլն 284 հազար դրամ ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն:
Իսկ, ահա, թվով 53 սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում 1337 ընտանիքների 2091 սոցիալական որեւէ խումբ ունեցող անդամներ անցած տարվա դրությամբ բացակայել են ՀՀ-ից. 2017-20418 թվականների ընթացքում ՀՀ-ից դուրս եկած եւ 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չվերադարձած անձանց վճարվել է 181 մլն դրամ ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն:
Եւ ամենաուշագրավը` անցած տարվա ընթացքում գործատուների մոտ եկամտային հարկի հաշվին ժամանակավոր անաշխատունակության նպաստների գծով տեղում կատարված ծախսերի ֆինանսավորման ենթակա գումարների մասին տեղեկությունը ԲՊՌ տեղեկատվական բազայի հետ համադրվել են, եւ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով:
Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում եւ ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Սակայն, ըստ սոցապ ծառայության, 2018 թվականի ընթացքում մայրության նպաստ ստացած արական սեռի անձանց ցուցակից 2-6 կետերի դեպքերը սխալ ներկայացված գրանցման հայտերի արդյունք են, եւ դրանց արդեն տրվել են համապատասխան լուծումներ: Իսկ մեկ այլ դեպքում «արական» նշումը բազա է ներմուծվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից:
Ըստ Հաշվեքննիչ պալատի` մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր է պարզվել: Մասնավորապես, թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ` 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում` 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ` 13.8 մլն դրամ, 1 անձը` 17 նպաստ` 3.4 մլն դրամ, 1 անձը` թվով 5 նպաստ` 1 մլն դրամ, 3 անձ` 4-ական նպաստներ` 800 հազար դրամ: Բայց, ըստ սոցապ ծառայության, օրենքով որեւէ սահմանափակում չկա մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու քանակների վերաբերյալ, բայց այս դեպքում, համաձայնեք, որ ռիսկային է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը տարեսկզբից մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրել է Արտեմ Ասատրյանը, իսկ թավշյա հեղափոխությունից հետո նրան փոխարինել է Մանե Թանդիլյանը: Իսկ, ահա, սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը անցած տարվա ընթացքում զբաղեցրել ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ում հունիսի 15-ին փոխարինել է այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:
Սյունէ Համբարձումյան