
Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կիջնեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը, ռոումինգի սակագների իջեցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները թե մուտքային, թե ելքային զանգերի տեսանկյունից նվազել են 11-44 տոկոսով։ Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից մուտքային և ելքային զանգերի սակագների նվազում պետք է տեղի ունենա»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց՝ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով: Արշակյանը հիշեցրեց, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15 տոկոսի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում: Եվ հիմա գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- եզրափակեց նախարարը: