ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում:
Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն`օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ, դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Ինչպես հայտնի է,վերջերս այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ Երեւանի քաղաքապետարանին տրված նվիրատվությունների շուրջ, եւ,որպես նախագծի հիմնավորում, ԲՀԿ-ականները նշել են, թե հաճախ այս կամ այն նվիրատվությունը կատարվում է` ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որեւէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում: Հավելենք, որ այժմ հրապարակելու հետ կապված որեւէ կետ ամրագրված չէ, եւ սա նոր կարգավորում է: