Երեկ երեկոյան հակառակորդը կրակ է բացել հայ-աբրբեջանական սահմանի ուղղությամբ: Կոթիում կրակոցներին զուգահեռ հարսանիք էր: Կոթիի բնակիչ Ռուբիկ Հետինյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է անցել իր դստեր հարսանիքը:
«Նախ՝ վտանգավորությունը կար: Դե, ծախսեր ենք տեսել, հարսանիք է, սեղան ենք պատրաստել, հյուրեր ունեինք տարբեր տեղերից՝ Վրաստանից, Ռուսաստանից: Բայց հիմնականում վախեցան այն մարդիկ, որոնք որ տեղի բնակիչներ չէին, իրենց փոքրերի հետ շուտ սեղանը լքեցին: Դրսից եկած մարդիկ էին, վախեցան ու գյուղից դուրս եկան, հեռացան: Ու մենք ինչպես միշտ, մինչեւ վերջ ոչ մի մարդու թույլ չենք տվել, որ մեր մոտից բացակայեն, մեկս մյուսին դուխ տալով մուզիկայի ձայնը բարձրացրել ենք ու քեֆ արել, կենացները քչացրել ենք, որպեսզի ժողովրդի մի մասը չիմանա, թե դրսում ինչ է կատարվում, հարսանիքը շարունակեցինք մինչեւ իր տրամաբանական ավարտը: Ինչքան որ պետք էր նստեցինք, ասեցինք, խոսեցինք … վերջը ուրախությունը շարունակեցինք, չուզեցինք հարսանիքը դադարեցնենք»,- պատմեց Ռուբիկ Հետինյանը:
Կոթեցի Հետինյանի խոսքով, ինքն այնպես է արել, որ հյուրերը չվախենան, չգնան: «Ես տանտեր եմ, այսքան մարդ եմ հավաքել, այսքան հյուր եմ կանչել, ո՞նց կլիներ չվախենայի կրակոցների համար: Աստված մի արասցե, մեկին կպներ, մեկի հետ մի բան լիներ, դա մեծ պատասխանատվություն էր իմ ուսերին: Բայց բոլոր դեպքերում այնպես արինք, որ մարդիկ չվախենան, չփախչեն: Կրակոցները երկարատեւ շարունակվել են: Հարսանցուն տեղյակ չի եղել կրակոցների մասին, բայց փեսային էի զգուշացրել: Մենք կրակոցի տակ ծնված, ապրած ենք: Թող մարդիկ իմանան, որ Կոթին այդպիսի տեղ է: Թող պետությունը խրախուսի, որ մարդիկ ամուսնանան այստեղ, երեխա ունենան: Ուղղակի պետության կողմից չլքվենք»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սյունէ Համբարձումյան