Առուշ Առուշանյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում․ բանակից ազատման հարցի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները ուսումնասիրում են վերջինիս բանակից ազատման գործընթացը: Ասել է թե` փորձում են պարզել` նա ինչ ճանապարհով է բանակից ազատվել, եւ արդյոք այդ ազատման գործընթացը օրինական է եղել, թե ոչ:

Մեր ունեցած տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունը նման խնդրի կապակցությամբ դիմում չի ստացել, մենք տեղեկացված չենք նման քրեական վարույթի վերաբերյալ:

Չնայած դատախազությունը հայտնում է, որ տեղեկացված չէ, սակայն մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրավապահ համակարգում ուսումնասիրում են քաղաքապետի բանակից ազատվելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր հետաքննությունը` պարզելու, թե ինչ ընթացք ստացավ իրավապահների ուսումնասիրությունը: Հավելենք, որ սա միակ դեպքը չէ, որ կատարվում է Գորիսի քաղաքապետի շուրջ:

2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերնինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել: Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները:

Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ:

Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեիՍյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս