Կառավարության նիստում հավանության են արժանացել կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, ինչը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով:
Այն հնարավորություն չի տալիս իրականացնել ճկուն ֆինանսավորում և առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարի ամսական համամասնությունները սպառելուց հետո կազմակերպությունները չեն ընդունում պացիենտներին, հերթագրում են կամ ծառայությունները տրամադրում են վճարովի հիմունքներով՝ այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում տվյալ ծրագրով կան թերակատարումներ: Դժվարություններ են առաջանում նաև բուժաշխատողների աշխատանքի վարձատրության հաշվարկները իրականացնելիս:
Հաշվի առնելով նշված հանգամանքները` որոշվել է պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաևփրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Նախատեսված ծրագրերով աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը:
Այսպիսով`
1. 2020 թվականից ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերովախտորոշման ճշտման նպատակով նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները:
2. Պետական պատվերի շրջանակներում անվճար15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով («Վարիան» սարք) ճառագայթային բուժում ստացող շահառուների 8 խմբին ավելացել է ևս մեկը, և ամենակարևորը` անկախ սոցիալական կարգավիճակից, հաստատված«չարորակ նորագոյացություն»ատորոշումով պացիենտներն այսուհետև «Վարիան» սարքով կարող են ճառագայթային բուժում ստանալ համավճարային սկզբունքով:
3. Կանոնակարգվել է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրակակացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումների ընթացակարգը: Նախկինում ծրագրի շրջանակներում համակարգչային-ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների ուղեգրումը կատարվում էր բացառապես համապատասխան գերատեսչական մարմինների կամ հիմնարկների կողմից: Փոփոխության արդյունքում` այն մարզային բժշկական կազմակերպություններում, որոնց տեղակայման վայրերում բացակայում են համապատասխան գերատեսչական մարմինները կամ գերատեսչական բժշկական հիմնարկները՝ վերը նշված հետազոտությունները կարող են իրականացվել նաև քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրերի հիման վրա:
4. Մինչև 2020 թվականի ապրիլի վերջ կներդրվի էլեկտրոնային հերթագրման և ուղեգրման ինստիտուտը՝ համապատասխան մարմինների կողմից տրամադրվող ուղեգրերի մասով: