«Փաստ» թերթը գրում է․ ««Մի քանի տարի առաջ գործարկվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։
Այստեղ պետական գերատեսչությունները ներկայացնում են իրենց կողմից այս կամ այն օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, կազմակերպվում է հանրային քննարկում։
Ցանկացած մեկը կարող է հետևել նախագծի ընթացքին, քննարկումներին, անգամ մասնակցել դրանց՝ արտահայտելով սեփական կարծիքը։ Կայքում մինչ այս պահը տեղադրվել է 2013 նախագիծ, որից 34-ն այժմ քննարկման փուլում են։
Դրանք կայքում տեղադրվում են 15 օրից մինչև մեկ ամիս ժամկետով։ Հետաքրքիր է դիտարկել, թե հատկապես որ նախագծերն են ամենաքննարկվածները։
Այս պահին դրանք երեքն են: Լայնորեն քննարկվեց ու քննադատվեց ֆինանսների նախարարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Միայն հանրային քննարկման հարթակում քվեարկողների 92 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։
Նշենք, որ փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, 2020-ից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, աճելու է խաղային ոլորտի լիցենզիաների վճարը և այլն։
Հաջորդ ամենաքննարկված նախագծերից է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջության՝ 4-6 տոկոսանոց հարկ սահմանել։
Մյուս նախագիծը վերաբերում էր վարորդներին։ Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստանի տարածք արգելելու մասին էր։
Չնայած որ այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեռևս 2017-2018 թվականներին, սակայն այսօր էլ չի զիջում իր դիրքերը ամենաքննարկված նախագծերի «լավագույն» եռյակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: