ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով և ինչպես արձագանքեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ տեղի ունեցածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի գրասենյակում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Առավոտյան աշխատանքի գալով` խմբագրության աշխատակիցներն այն գտել են տակնուվրա արված վիճակում. բաց էին բոլոր աշխատանքային սեղանների դարակները, պահարանների դռները, տակնուվրա էր արված հատկապես գլխավոր խմբագրի աշխատասենյակը: Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների համապատասխան աշխատանքներից հետո հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1 մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, եւ 34–177 հոդվածի երրորդ մասի 1.1 կետով՝ գողություն, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Երեկվա դեպքից հետո արձագանքեցին թե’ մեր գործընկեր լրատվամիջոցները, թե’ քաղաքական սեկտերի ներկայացուցիչներ:

Նախ առաջինը հենց ԱԺ ամբիոնից իր ելույթում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնեց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը: «Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել։ Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։ Այցի և կատարված ուսումնասիրության արդյունքներով իմ ստորագրությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն։ Ես մշտապես նշել եմ, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված, և ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո։ Արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. Խստորեն դատապարտում եմ “ԺՈՂՈՎՈՒՐԴ” օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները: Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար: Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու: Իմ զորակցությունն եմ հայտնում ԺՈՂՈՎՈՒՐԴ օրաթերթի ողջ խմբագրակազմին:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» ի դեմ իրականացված բռնությունը, ազատ խոսքը խոչընդոտող ցանկացած քայլ պիտի դատապարտվի, պետությունը պարտավոր է ապահովել ԶԼՄ-ների անվտանգ աշխատանքը: Պահանջում եմ արագ գտնել մեղավորներին, գտնել իրական հանցագործներին եւ եթե կան պատվիրատուներ, նաեւ նրանց: Քայլ արա պետություն»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Այսօր տեղեկացանք, որ հարձակում է տեղի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակի վրա։ Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցի նկատմամբ որևէ հարձակում կամ անօրինական այլ գործողություն խիստ դատապարտելի է, քանի որ այդկերպ փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը, զրկել քաղաքացիներին ստանալու օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն։Իսկ առանց այս կարևոր և սահմանադրական իրավունքների իրացման հնարավոր չէ պատկերացնել որևէ ժողովրդավարություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի հետ տեղի ունեցածը և հորդորում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել մեղավորներին։ Միայն պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառմամբ մենք կկարողանանք բացառել նման դեպքերի կրկնությունը։

Հայտարարություն են տարածել նաև մի շարք լրագորղական կազմակերպություններ: «Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ, սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի մասին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք
ոտնձգությունը խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում
իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության
ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»:

Հայտարարություն տարածեց նաև «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը . Դատապարտում ենք «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը: Նման բնույթի հանցագործությունների կատարման համար պատասխանատվություն ենք կրում մենք բոլորս: Իսկ այդ փաստի արագ բացահայտումը բոլորիս գործն է և պատասխանատվության հարցը:
Հավատացեք համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Աստված իմ որտեղ ատելություն կա, սեր տուր… Որտեղ հակասություն կա, միասնություն տուր… Որտեղ կասկած կա, հույս ու հավատ տուր… Այնուամենայնիվ սիրելի «Ժողովրդականներ» հավատացած եմ հաջողությունը կուղեկցի Ձեզ, իսկ մենք կուրախանանք Ձեր հաջողություններով:

Եթե կարճ ու առանց երկար֊բարակ հիմնավորումների, սա իրավապահ եւ նախաքննության մարմինների տարբեր առաջնահերթ գործերի ուղղությամբ վատ, ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գիշեր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում կատարված ներխուժմանը՝ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:«Դրա պատճառով թիրախ են դառնում այդ նույն գործերի հետ կապված հետաքննություններ իրականացնող լրատվամիջոցները»,-ընդգծել է Բորիս Նավասարդյանը:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Զորակցությունս եմ հայտնում «Ժողովուրդ» լրատվականի խմբագրակազմին և աշխատակիցներին։ Գիշերային ոտնձգությունը պետք է բացահայտվի»։

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը գրում է. «Թագուհի ջան, Քնար ջան, «Ժողովուրդ» ջան, այս անգամ էլ ձեզանից եմ ներողություն խնդրում։ Մի անգամ ասել եմ` մամուլը հասարակության հայելին է։ Ցավում եմ, որ ունենք այս արտացոլումը։ Աստված պահապան ձեզ ու իմ ասած Դուխով»:

Նախկին պատգամավոր Վահան Բաբայանը գրում է. ««ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է: «Հայելի» ակումբի «Yerevantoday»-ի հետ կապված իրադարձություններից հետո,սպասելի է,որ հարձակումները,ներխուժումները, ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության հանդեպ ոտնձգությունները այլևս փաստ են:Սա անպատժելիության արդյունք է»:




Լրահոս