«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ իր նախատրամադրության մասին պատմեց երգչուհի, դերասանուհի Ռիփփին: Նա նշեց, որ այս տարի, առհասարակ, տոնական տրամադրություն չունի եւ Ամանորին առանձնապես չի սպասում. «Սպասողական վիճակում չեմ այս տարի…Դա կապված է իմ անձնական կորուստների հետ: Արդեն երրորդ տարին է՝ 2017-2019-ը, ունենում եմ կորուստներ… Այն, ինչ հնարավոր էր կորցնել, կորցրեցի: Այլեւս կորցնելու բան չունեմ: Կորցրեցի հորս, հարազատ մարդուց զատ՝ կորցրեցի նաեւ շանս, որը դարձել էր իմ լավ բարեկամը: Այդ է պատճառը, որ տոնական տրամադրությունն ինձ չի այցելել»,-մեկնաբանեց երգչուհին:
Նրա խոսքով՝ Ամանորը միշտ եղել է իր ամենասիրելի տոներից մեկը, սրտատրոփ սպասել է տոնածառը զարդարելուն, բայց այս տարի դեռ տոնածառ չի էլ դրել. «2020 թվականի հետ կապված ունեմ այնպիսի մեծ ցանկություն, որը պարզապես հնարավոր չէ կատարել… Ո՛չ Ձմեռ պապիկը, ո՛չ որեւէ մեկը չի կարող այն իրականություն դարձնել…Կցանկանայի մեկ անգամ հանդիպել իմ սիրելի էակներին, որոնց կորցրել եմ: Ամենամեծ ցանկությունս դա է…»,-անկեղծացավ Ռիփփին:
Երգչուհին 2020 թվականը դիմավորելու է բեմում, թեպետ առաջարկ ունի բեմից եւ բոլորից փախչելու եւ Ամանորը նշելու հեռու, ձյան եւ եղեւնիների մեջ. «Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, բայց գործնական պայմանավորվածություններս, թերեւս, թույլ չեն տա, որ նման բան անեմ: Թեեւ չի բացառվում, որ վերջին պահին իսկապես փախչեմ բոլորից: Դեռ չգիտեմ, իրավիճակը ցույց կտա»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ 2020 թվականի փետրվարին թողարկելու է նոր տեսահոլովակ իր հեղինակային երգի հիման վրա: «Գալիք տարին գործնական առումով բավական բուռն է լինելու: Արդեն մի շարք ծրագրեր եմ կազմել: Ասեմ, որ նախապատվությունը տալու եմ երգչուհու կարիերային»,-եզրափակեց Ռիփփին:
Անի Անտոնյան