ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում». այսպիսի հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին: Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է` տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:
Արդեն մի քանի օր է` «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի վերջո, նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին ուղարկեցինք գրավոր հարցեր, որին ի պատասխան` հաստատվեց մեր տեղեկությունը, որ Ստեփան Մաչյանը նախարարությունում երկու պաշտոն ունի եւ նա նախարար Բաթոյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է: Հետաքրքիր է` ինչպես է նախարարը նայում վարչապետի աչքերի մեջ:

 

 

 

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից եւ ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսսիջները: Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաեւ խմբակցությունում առկա բազմակարծության մասին, եւ որոշում կայացվել հետագայում առաջնորդվել եւ շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, եւ քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ:

 

 

 

 

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաեւ դատական համակարգում: Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եւ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլեւս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե, եւ վերջինս իր դեմ մահափորձ իրականացրած մարդկանց մասով ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մելիք Մանուկյանը հայտնել է, որ իր պատգամավորական տարիների, ինչպես նաեւ իր բիզնես գործունեության ընթաքում տարբեր անձանց հետ խնդիրներ է ունեցել ինչպես անձնական, այնպես էլ գործնական: Բայց թե ով կամ ինչու կարող էր իր դեմ մահափորձ կազմակերպել, չի կարող ասել: Ավելին, իրավապահները Մելիք Մանուկյանին ներկայացրել են իր դեմ մահափորձ իրականացրած մարդուն, սակայն վերջինս հայտնել է, որ նրանց չի ճանաչում: Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիններս կալանավորվել են: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիք Մանուկյանը հայտնել էր, թե կատարվածը «տեռոր է»` ահաբեկչություն:

 

 

 

 

ԱՐՏԱՔԻՆ ՆՈՐ ԻՄԻՋՈՎ
Նախօրեին մեր երկրում տեղի ունեցավ շատ կարեւոր մի միջոցառում` ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողով: Սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության լուրը խճճեց լրահոսը, եւ դուրս մնաց այս կարեւորագույն իրադարձությունը: Հայաստանյան դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւոր ելույթ ունեցավ եւ մի շարք ուղերձներ տվեց մեր դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն:
Վարչապետը նախ ասաց. «2018 թվականի հայկական հեղափոխությունը անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, եւ այն պետք է պատշաճ ձեւով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն: Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը եւ ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին»:
Համաձայնեք, կարեւորագույն մեսիջ է սա, որը, իհարկե, հայ դեսպանները վաղուց պետք է ինքնուրույն իրագործած լինեին: Բայց, պարզվում է, նախաձեռնողականության խնդիր ունենք: Մինչդեռ պետք է վաղուց բոլորը հասկանային, որ ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ մեր խնդիրն է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:
«Եվ, հետեւաբար, փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, եւ սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետեւյալն է. Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ»,- հայտարարեց վարչապետը:
Նկատենք, որ մինչ օրս մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները այդպես էլ չկապիտալիզացվեցին, որը միայն եւ բացառապես ԱԳՆ-ի եւ դեսպանների ուղղակի գործառույթն է: Հուսանք՝ նաեւ վաղը ԱԺ-ում կայանալիք հավաքից հետո Հայաստանի արտաքին իմիջը փոփոխություններ կկրի:




Լրահոս