ՀԱՇՎԻ ԿԱՌՆԵՆ ՄԻԱՅՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները, սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանին ընդառաջ, երեկ հավաքվել էին Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` քննարկելու հետագա անելիքները: Նախ նկատենք, որ վերջին շրջանում իշխանական խմբակցության անդամների մոտ կարծես թե ավանդույթ է դարձել խմբակցության նիստերն անցկացնել կենտրոնական գրասենյակում, այլ ոչ թե խորհրդարանում, եւ պատճառը ժուչոկներից հեռու հանգիստ քննարկում անցկացնելն է:

Նախ նկատենք, որ երեկվա նիստը բավական երկար է տեւել` չորս ժամից ավելի, որին, սակայն, ո՛չ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, եւ ո՛չ բոլորն են մինչեւ վերջ մնացել քննարկումներին` տարբեր պատճառաբանություններով կեսից դուրս գալով քննարկումից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ փակ քննարկման հիմնական թեման եղել է սեպտեմբերի 9-ից մեկնարկող հերթական նստաշրջանում պատգամավորների անելիքները, կարեւոր նախագծերը, դրանց վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները: Մենք տեղեկացանք, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խմբակցության ներսում այլախոհներին կամ, այլ կերպ ասած, այն պատգամավորներին, որոնք ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցերով դեմ կարծիքներ են արտահայտում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամենեւին պատահական չէ, որ երեկ խմբակցության նիստի ժամանակ լայնորեն անդրադարձ է կատարվել հենց այս հարցին: Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին զգուշացված է եղել չխոսել Ամուլսարի հանքի շահագործման թեմայով եւ ոչ մի կարծիք չարտահայտել` լինի դա դեմ, թե կողմ: Սակայն խմբակցությունում եղան պատգամավորներ, որոնք ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքը եւ չթաքցրեցին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը եւ, ըստ էության, անտեսեցին «վերեւներից» եկած հրահանգը:
Այս հանգամանքի եւ իշխանությանը միայնակ թողնելու մասին օրեր առաջ Ծաղկաձորում փակ հավաքի ժամանակ խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բաց տեքստով ասել, որ այդպիսի դեպքերը պետք է հնարավորինս նվազեցնել, եւ պետք է գերիշխող լինի մեծամասնության կարծիքը: Այլ կերպ ասած, փորձ է արվելու սանձել այլախոհներին եւ մեծամասնության տեսակետին դեմ գնացողներին:
Եվ, ահա, երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկման ժամանակ եւս մեկ անգամ անդրադարձ է կատարվել բազմակարծության թեմային, եւ որոշում է կայացվել, թե ինչպես են վարվելու հետագայում, եթե այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության ներսում այլակարծություն լինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշում է կայացվել նման դեպքերում ավելի վեր դասել եւ առաջնորդվել մեծամասնության կարծիքով: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ հանրության համար կարեւորություն ներկայացնող հարցերին: Իհարկե, սա չի նշանակում, թե այլ տեսակետ ունեցող պատգամավորները չպետք է արտահայտվեն. նրանք նախկինի պես կարող են խմբակցության նիստերի ժամանակ խոսել, դեմ գնալ մեծամասնության տեսակետին, սակայն, ի վերջո, առաջնային է լինելու մեծամասնության տեսակետը եւ որոշում կայացվելու է` մեծամասնության կարծիքը հաշվի առնելով:
Երեկ լրագրողների հետ զրույցում հարցին` ինչ են անելու այն պատգամավորների նկատմամբ, որոնց դիրքորոշումը չի համընկնում վարչապետի տեսակետի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ԱԺ-ում չի եղել քննարկում, որտեղ բոլորի դիրքորոշումները 100 տոկոսով համընկել են. «Դուք եք չէ՞ շրջանառության մեջ գցել կնոպկա սեղմող գաղափարը, այն ժամանակ ինձ մոտենում էին լրագրողները, ասում էին՝ մտավախություն կա, որ կրկնեք նախորդներին ու կնոպկա կսեղմեք, հիմա հակառակն ենք ասում՝ քննարկում ենք, դա ուրախալի է: ՀՀ քաղաքացին պիտի գոհ ու շնորհակալ լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է եւ ականջալուր է ամեն ինչին, ու դուրս պիտի գա հին տրամաբանությունից: Քննարկում ենք, ասում եք պառակտում կա, ձեր մեջ վեճ կա, չենք քննարկում, ասում եք կնոպկա սեղմող»:
Ամեն դեպքում, երեկվա նիստի որոշմանը հասնելու հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծաղկաձորյան հանդիպումը, որտեղ գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանն այդ ժամանակ բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել եւ ասել, որ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որեւէ քայլ չարեցին այդ հարցում իրեն աջակցելու համար: Եվ հենց այս խոսքերն էլ հաշվի առնելով` որոշում է կայացվել «սանձել» խմբակցության պատգամավորներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում հանրային գրադարանների թիվը զգալի պակասել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական եւ 679 հանրային գրադարաններ, մինչդեռ 2017 թվականին գործել է 730 հանրային գրադարան։ Այսինքն` մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան։ Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում։ Բացի այս, փակվել է նաեւ մեկ մանկական գրադարան։ Օրինակ, եթե 2017-ին Հայաստանում գործել է 572 գրադարան, ապա անցած տարի դրանց թիվը կազմել է 525։ Համաձայնեք, որ այս երեւույթը խիստ մտահոգիչ է։ Հուսանք՝ փակված գրադարանների հարցը կհայտնվի Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում։

 

 

 

7 ԾՐԱԳԻՐ
Գյուղատնտեսության ոլորտում 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 7 ծրագիր եւ նախատեսվում է այդ ամենի համար հատկացնել 17 մլրդ 900 մլն դրամ: Մասնավորապես, հաջորդ տարի նոր իշխանությունները նպատակ ունեն բարձրացնել սպասարկող կառույցների գործունեության արդյունավետությունը, պայմաններ ստեղծել ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության եւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, աղքատության մակարդակի կրճատման համար: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ մեկ փոփոխության մասին եւս: Մասնավորապես առաջիկայում կստեղծվի հիմնադրամ, որը կերաշխավորի բանկերին, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան առանց գրավի վարկ վերցնել:

 

 

 

ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ
Հեղինակավոր «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի կառավարության արտոնյալ պարտքի վարկանիշերը: Այսպիսով, «Մուդիզ»-ը դրականից կայուն է գնահատել արտոնյալ պարտքի հեռանկարը։ Դրական տեղաշարժը, ըստ վարկանիշային կազմակերպության, պայմանավորված է Հայաստանի մակրոտնտեսական կայունությամբ, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգով, դրանք կատարելու հանձնառությամբ, հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ տնտեսության կառուցվածքային փոփոխություններով։ Գործակալությունը կանխատեսում է, որ Համախառն ներքին արդյունքի իրական աճը Հայաստանում կմնա բարձր միջնաժամկետ հեռանկարում՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում գտնվելով 5,5-6 տոկոսի մոտակայքում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի պետական պարտքի բեռը կայունորեն կնվազի։ Ասվում է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական եկամուտները աճել են 25 տոկոսով։ Ըստ վարկանիշային կազմակերպության` դա Հայաստանի համար վերջին տասնամյակում ամենաարագ աճի տեմպն է:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ
Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը, եւ լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասել է Ա. Նաղդալյանը: Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանում կայանալիք համաժողովի պաշտոնական կայքը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-5-ը կմասնակցի Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Կայքը Փաշինյանին ներկայացնում է իբրեւ ֆորումի ամենակարեւոր հյուրերից մեկը, ով կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումից հրաժարվելու անհրաժեշտության մասին: «Պաշտոնական Բաքուն պետք է հստակ հայտարարի, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումների անցկացման հնարավորություն չեն թողնում»,-ասել է նախկին նախարարը: Նրա խոսքով` Բաքուն չպետք է հանդիպման գնա այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես չեն հայտարարի Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ անհամաձայնության մասին: Նրա կարծիքով` նման քայլը լավ կհամապատասխանի նաեւ Երեւանում Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման հայեցակարգին: «Մեզ ի՞նչ կտա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը: Այն մեզ միայն կվնասի»,-շեշտել է նախկին նախարարը:

 

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու է պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Կարծարծվի, մասնավորապես, թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել է նա:




Լրահոս