ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱՃՄԱՆԸ ՍՊԱՍԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ փուլի «Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց հայկական թիմի՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Խաղից հետո Հանրապետական մարզադաշտում եւ դրա սահմաններից դուրս թեժ էր. մի կողմից իսլանդական ծափերն էին, մյուս կողմից բացականչությունները` «Արարատ հուպ տուր»: Ֆանտաստիկ խաղից արդեն անցել է մեկ շաբաթ, եւ արդեն այսօր` օգոստոսի 29-ին, կկայանա այս դիմակայության երկրորդ հանդիպումը. Լյուքսեմբուրգում «Արարատ – Արմենիան» ամեն ինչ կանի «Դյուդելանժին» կապիտուլացիայի ենթարկելու եւ պատմական նվաճման հասնելու համար: Եթե նայենք փաստերին, ապա որակավորման 4-րդ փուլ հասնելն էլ պատմական նվաճում էր, սակայն ոչ բավարար. առջեւում Եվրոպա Լիգայի խմբային փուլն է, այն խմբային փուլը, որը վերջապես կարող է հասանելի դառնալ հայկական ակումբներից մեկի համար: Այն, ինչը ժամանակին երազանք էր, այսօր կարող է դառնալ իրականություն, սակայն պետք չէ տարվել երազներով եւ մնալ 7-րդ երկնքում` մտածելով, որ արդեն խմբային փուլում ենք: Այո, հաղթել ենք 2:1 հաշվով, սակայն այս հաշիվը չի կարող ապահով համարվել երբեք, եւ կապ չունի, թե ով է մրցակիցդ խաղադաշտում: «Դյուդելանժը», չնայած պարտությանը, պետք է ասել, որ ավելի լավ ֆուտբոլ խաղաց Հանրապետականում, քան «Սաբուրթալոն», որը առավելության էր հասել «Արարատ – Արմենիայի» նկատմամբ առաջին խաղում:
Եթե մի պահ հետհայացք նետենք «Արարատ – Արմենիայի» անցած ճանապարհին եւ կանգնենք Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ հանդիպման վրա, ապա կարող ենք շատ նմանություններ գտնել` հաղթանակ 2:1 հաշվով տանը, վատ երկրորդ խաղակեսի սկիզբ, ճնշում վերջնամասում: Արդեն այդ դիմակայության պատասխան խաղում հայկական ակումբը պարտվեց 3:1 հաշվով եւ ուղեւորվեց Եվրոպա Լիգա: Իրականում հենց այդ խաղը կարող է դառնալ այսօրվա հաղթաթուղթը: Այդ խաղից հետեւություններ Վարդան Մինասյանը միանշանակ արել է, եւ հուսանք, որ Շվեդիայում տեղի ունեցած հանդիպման սցենարի ճիշտ հակառակը կտեսնենք Լյուքսեմբուրգում: Այս խաղին «Արարատ – Արմենիայից» կկարողանա մասնակցել թիմի ավագ Դմիտրի Գուզը, որը որակազրկված էր եւ չմասնակցեց առաջին խաղին: Թիմը խաղին մոտենում է առանց կորուստների, ուժեղագույն կազմով եւ, որն ամենակարեւորն է, մոտիվացիայի մեծ չափաբաժնով: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստել է նաեւ թիմի հոլանդացի ֆուտբոլիստ Ֆուրջել Նարաինգը. «2:1 հաշիվը վատ հաշիվ չէ, կարծում եմ լավ արդյունք է: Պատասխան խաղում եւս ամեն ինչ կանենք հաղթելու համար: Բոլորս շատ լավ ենք տրամադրված խաղին եւ ամեն ինչ կանենք հաղթելու համար: Մոտիվացիայի պակաս չկա»,- ասել է Նարսինգը:
Հիմա կրկին պետք է անդրադառնանք Հանրապետական մարզադաշտում կայացած առաջին խաղին. այդ եւ «Արարատ – Արմենիայի» մյուս խաղերին իրեն ֆանտաստիկ է դրսեւորում Ալֆոնս Կոջո Կասսեն: Նա ուղղակի թույլ չի տալիս մրցակիցներին շարժվել առաջ եւ մաքուր` առանց կանոնների խախտման խլել գնդակներ: Վստահաբար կարելի է ասել, որ Կոջոն «Արարատ – Արմենիայի» ամենակարեւոր ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը: Այդ խաղում իրեն լավագույնս չկարողացավ դրսեւորել Անտոն Կոբյալկոն, ում փոխարինած Լուիս Օգնան էլ խաղի վերջին վայրկյաններին կարողացավ ստեղծել հաղթական գոլը: Լուիս Օգանան` Վարդան Մինասյանի «Ջոկերը», ամեն անգամ ապացուցում է, որ ընդունակ է որոշել խաղի ելքերը եւ, բացի գոլ խփելուց, ստեղծում է նաեւ գոլեր: Վերջին շրջանում չկա այնպիսի հանդիպում, որտեղ Օգանան ինչ-որ բանով աչքի ընկած չլինի: Այս փաստը իհարկե խոսում է հայկական թիմի չնչին առավելության մասին: Հաղթանակը հաղթանակ, բայց նաեւ արտագնա բաց թողած գոլ, որը «Արարատ – Արմենիային» «կստիպի» դառնալ նվազագույնը երկու գոլի հեղինակ բաց թողնելու պայմաններում:
Դիմակայության ֆավորիտը համարվում է հայկական ակումբը, եւ կարելի է համաձայնել այդ մտքի հետ` հաշվի առնելով գոնե միայն այն, որ «Դյուդելանժը» գրեթե ամբողջովին փոխել է կազմը` նախորդ տարվա համեմատ: Չկան մեկնարկային կազմի 6 ֆուտբոլիստներ, չկա նախկին գլխավոր մարզիչը. շատ բան նոր է այս թիմում, եւ նաեւ նոր է տրամադրվածությունը: «Դյուդելանժը» չի խաղալու այն մոտիվացիայով, որով խաղալու է մեր թիմը, քանի որ նրանք արդեն անցած տարի կարողացել են հայտնվել Եվրոպա Լիգայի խմբային փուլում. այսպիսի բան ուղղակի բացառվում է. կա այսպիսի կարծիք, որը իրականությունից շատ հեռու է: Պրոֆեսիոնալ թիմերը մոտիվացիայի պակաս երբեք չեն ունենում եւ հաշվի առնելով նաեւ այն, որ թիմում կան մի շարք փոփոխություններ` կարելի է ենթադրել` «Դյուդելանժը» հենց այնպես զենքերը վայր չի դնի. «Արարատ – Արմենիան» պետք է պատերազմի խաղադաշտում պատմություն կերտելու համար:
Հուսանք, որ Վարդան Մինասյանի տղաները կկարողանան Եվրոպա Լիգայի խմբային փուլի վիճակահանության զամբյուղի մեջ ավելացնել «Արարատ – Արմենիա» անունը եւ վերջապես իրականություն դարձնել այն հեքիաթը, որին տարիներ շարունակ նույն ոգեւորությամբ սպասում է հայ ազգը: 29.08.2019. այս ամսաթիվը պետք է դաջվի հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

 

 

 

«ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը Ուշու սպորտաձեւի մասին է զրուցել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի հետ:

-Մասսայականություն վայելու՞մ է սպորտաձեւը Հայաստանում:
-Սպորտաձեւը իհարկե ամենատարածվածներից է Հայաստանում: Մենք բոլոր մարզերում ունենք մարզադպրոցներ եւ հիմնականում հենց մարզերից էլ ունենում ենք ուժեղ մարզիկներ: Կարող եմ ասել, որ պայմանները շատ վատն են մարզվելու, կարելի է ասել` զրոյական են պայմանները, սակայն մենք կարողանում ենք լավ արդյունքներ գրանցել:
-Որքա՞ն է պետության կողմից տրվող ֆինանսավորումը եւ արդյոք այն բավարա՞ր է:
-Ֆինանսավորումը կազմում է 11մլն 500 հազար դրամ: Այն, իհարկե, ամբողջապես չի բավարարում մրցաշարերին եւ ուսումնամարզական հավաքներին մասնակցելու համար, եւ ֆեդերացիան այդ գումարի չափով էլ ներդրում է կատարում: Մենք հասկանում ենք, որ պետությունը որքան կարողանում է, այդքան էլ ֆինանսավորում է, եւ մենք գոհ եւ շնորհակալ ենք պետությունից: Կարող եմ ասել, որ ֆինանսավորումը տարիների ընթացքում բարձրացել է, եւ այդ ամենը կախված է մեր ցուցադրած արդյունքներից. մենք ամեն անգամ կարողանում ենք մեդալներ նվաճել:
-Ուումնամարզական հավաքներին որքա՞ն մարզիկներ են մասնակցում եւ առաջիկայում ի՞նչ մրցաշարի եք պատրաստվում մասնակցել:
-Ուսումնամարզական հավաքների մասնակիցների թիվը կախված է, թե ինչ առաջնության ենք մասնակցում: Աշխարհի առաջնություններին մենք, ֆինանսականից ելնելով, կարող ենք մասնակցել միայն մեծահասակների մրցապայքարում, իսկ, ահա, Եվրոպայում նաեւ այլ տարիքային խմբերում: Առաջիկայում պատրաստվում ենք մասնակցել Աշխարհի մեծահասակների առաջնությանը: Ղազախստանում արդեն ուսումնամարզական հավաք անցկացրել ենք, մինչ մրցաշարի մեկնարկը նորից կլինի հավաք, եւ հուսով ենք, որ մեդալներ կնվաճենք Աշխարհի առսջնությունում: Մենք միշտ էլ հավակնել ենք բարձր դիրքերի, եւ այս առաջնությունը եւս բացառություն չէ: Շատ բան կախված է վիճակահանությունից, վնասվածքներից եւ հոգեբանությունից: Ես բարձրագոչ խոսքեր չեմ ասի, բայց կասեմ, որ ոսկե մեդալի ակնկալիք ունենք:

Նյութերը՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ` ՈՉ
Սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի եւ դպրության օր: Չնայած նրան, որ սեպտեմբերի 1-ը կիրակի օր է, սակայն այն համարվում է աշխատանքային օր: Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի` Խաչվերացի տոնը: Նշենք, որ տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարի այն ՀՀ կառավարությունը մտադիր է համարել աշխատանքային: Այս թեմայի շուրջ ՀՀ կառավարությունից մեզ հայտնեցին, որ եթե «ՀՀ տոների եւ հիշատակի մասին» օրենքով նախատեսված չէ, ապա այն պետք է լինի կառավարության որոշմամբ: Ավելին, պարզվում է, որ նման դեպքերում կառավարությունը մեկ ամիս առաջ պետք է զգուշացնի այդ մասին: Եթե չի տեղեկացվել, որ նման որոշում կլինի, ուրեմն սեպտեմբերի 16-ի մեռելոցը կլինի աշխատանքային: Այսինքն` աշխատանքային օր է լինելու Խաչվերացին հաջորդող երկուշաբթին:

 

 

 

ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐ
Երեւանի բոլոր մանկապարտեզները սեպտեմբերից կմատուցեն երկարացված օրվա ծառայություն: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի փոխանցմամբ` ծառայությունը կլինի վճարովի` ամսական 5000 դրամ: «Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի: Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին եւ գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի: Երկարօրյա խմբերը կաշխատեն 17:30-19:00»,- մանրամասնել է նա:
Նշենք, որ մինչեւ այժմ երկարօրյա խմբեր բացելու թույլտվություն ունեին Երեւանի ավելի քան 160 մանկապարտեզներից 39-ը:




Լրահոս