«ԱՐԴԵՆ 33 ՏԱՐԻ Է՝ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ, «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր» հեռուստասերիալներից, «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» եւ հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերից հայտնի դերասան Արա Դեղտրիկյանն է, որին հեռուստադիտողները ճանաչում են նաեւ ինքնատիպ ձայնի շնորհիվ. նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր: Նա անդրադարձել է այն սկզբունքներին, որով ապրում է, նշել, թե որն է իր հաջողության գրավականը: Պարոն Դեղտրիկյանը խոստովանել է, որ խուսափում է շփվել տգետ մարդկանց հետ, դիմացինի հետ հարաբերություններում նախընտրում է անկեղծությունը: Դերասանը խոսել է անձնական կյանքի մասին՝ շեշտելով, որ տարիների ընթացքում իր եւ կնոջ սերը վերածվել է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միեւնույն ուղղությամբ:

-Ո՞վ է Ձեր առաջին հիշողությունների հերոսը:
-Ծնողներս են:
-Շարունակե՛ք միտքը. «Անհնար է անտարբեր անցնել մարդկանց կողքով, որոնք…»
-Առհասարակ, անտարբերությունը լավ բան չէ: Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ:
-Կա՞ մի պարզ սկզբունք, որը որդեգրել եք ապրելու համար:
-Լինել ազնիվ, պարկեշտ… Երեւի հնացած բաներ եմ ասում… Սրանք կարեւորագույն որակներ են, որոնցով մարդ պետք է առաջնորդվի:
-Այն ամենը, ինչին հասել եք, հասել եք շնորհիվ…
-Իմ աշխատասիրության, նվիրվածության, երեւի ինձ տրված շնորհի: Մասնագիտական առումով միշտ փորձել եմ հղկվել, հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի:
-Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք…
-Գիտակից, ադեկվատ չեն… Այն մարդկանց կարծիքն եմ հաշվի առնում, որոնց մարդկային տեսակը բարձր եմ համարում:
-Ունե՞ք բնավորության մի գիծ, որի համար մտերիմները միշտ մեղադրում են Ձեզ:
-Չգիտեմ, դա պետք է մտերիմներին հարցնել:
-Ձեր համառությանը կարող է հաղթել միայն…
-Ճիշտն ասած, ես այդքան էլ համառ չեմ (ծիծաղում է):
-Ձեր ամենատարօրինակ սովորությունը ո՞րն է:
-Չգիտեմ… առանձնապես տարօրինակություններ չունեմ:
-Ո՞ր մուլտհերոսին եք նմանեցնում Ձեզ:
-Հստակ չեմ կողմնորոշվում, բայց հաստատ բարի մի հերոսի…
-Ինչի՞ց կամ ումի՞ց կախում ունեք:
-Ոչ մի բանից:
-Հնարավո՞ր է լինել միշտ սիրահարված:
-Այո, իհարկե: Ես արդեն 33 տարի է՝ սիրահարված եմ, ապրում եմ իմ սիրելի կնոջ հետ (նրա կինը քաղաքական գործիչ Կարինե Աճեմյանն է-հեղ.): Սերը միշտ մնում է, պարզապես տարիների ընթացքում վերածվում է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միեւնույն ուղղությամբ, իսկ թրթիռներն իհարկե մնում են, հասնում անբացատրելի մի ստադիայի…
-Ո՞րն է աշխարհի ամենալավ տեղը:
-Իմ տունը: Դա այն տեղն է, որտեղ ինձ զգում եմ հանգիստ, հասկացված եւ կարոտում եմ, ուր էլ որ լինեմ, իսկ, ընդհանրապես, աշխարհում շատ գեղեցիկ վայրեր կան, որտեղ կուզեի էլի ու էլի լինել: Շատ եմ սիրում հատկապես ծովափնյա գեղեցիկ քաղաքներ:
-Ձեզ միշտ ոգեշնչել են այն մարդկանց պատմությունները, որոնք…
-Որոնք խելացի են, խորաթափանց, որոնց կյանքն անցել է շատ հետաքրքիր…
-Ձեզ երբեմն վախեցնում են մարդիկ, որոնք…
-Տգետ են: Տգիտությունը մարդկային արատներից ամենասարսափելին է:
-Կյանքն անտանելի կլիներ՝ առանց…
-Սիրո, ընտանիքի:
-Ձեր կյանքի ամենադժվարին փուլը ո՞րն եք համարում:
-Ամեն ժամանակահատված իր դժվարություններն ունի: Համենայնդեպս այդ փուլերը կարծես թե հաղթահարել եմ եւ դրանցից դուրս եմ եկել պատվով:
-Դիմացինի հետ նախընտրում եք խոսել ակնարկներո՞վ, թե՞ բաց տեքստով:
-Միշտ նախընտրում եմ անկեղծությունը: Նախընտրում եմ շփվել հասկացող մարդկանց հետ, որոնք իրենց աշխարհայացքով նման են ինձ:
-Եվ վերջին հարցը՝ ինչու՞ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ:
-Որովհետեւ նախապես ասացիք Ձեր հարցերի շրջանակը, հետաքրքրեց:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԸ

Բալետի առաջնակարգ պարուհի Ժակլին Սարխոշյանն արդեն երկու տարի է՝ հրաժեշտ է տվել մեծ բեմին, սակայն նա շարունակում է պահել պարարվեստի հետ կապը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ որտեղ է Ժակլինը եւ ինչով է զբաղված:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հինգ տարի է՝ ինքն ու ամուսինը՝ «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանը, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում աշխատում են որպես պարուսույց, բեմադրիչ եւ փորձավար: Նրանք դասավանդում են Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում. «Այսինքն՝ չենք կորել ասպարեզից: Այս հինգ տարվա ընթացքում բազմաթիվ ներկայացումներ ենք բեմադրել: Վերջին մեկ տարում, օրինակ, բեմադրել ենք «Մաուգլի»-ն եւ «Մի կաթիլ մեղրը»: Արդեն երկու ամիս է՝ Հայաստանում եմ, եկել եմ հանգստանալու, հարազատներիս տեսնելու: Սեպտեմբերին կրկին կմեկնեմ Լիբանան: Իհարկե, շատ ենք կարոտում մեր հայրենիքը, վեց ամիսը մեկ անգամ այցելում ենք»,-շեշտեց պրիմա պարուհին:
Հարցին, թե ինչու նույն աշխատանքը Հայաստանում չեն անում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանում էլ ունեինք պարի դպրոց, բայց Լիբանանի հայ համայնքը մեր կարիքն ունի: Այնտեղ երեխաներն ուսման ծարավ են, շատ գիտելիքներ չունեն պարի ասպարեզից: Մենք նրանց սովորեցնում ենք բալետին վերաբերող նրբություններ, հայկական պարեր, եւ, առհասարակ, սովորեցնում ենք՝ ինչպես մնալ հայ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք կապը պահում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ. «Այո, իհարկե, պահում եմ կապը: Թատրոնում ժամանակին բեմադրել եմ «Երազ» բալետային ստեղծագործությունը՝ Թդուարդ Համբարձումյանի երաժշտության ներքո: Այն արդեն խաղացանկում է: Հենց թատրոնում ունենում են իմ կարիքը, սիրով գնում եմ, որպես բեմադրիչ աշխատում եմ նոր սերնդի ներկայացուցիչների հետ»,-եզրափակեց պարուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՆԵՅՄԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի իր նախկին ակումբում` կատալոնական «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն: Աղբյուրը նշում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի վաղը: Կան խոսակցություններ, որ կատալոնացիները կվճարեն 170 մլն եվրո եւ ՊՍԺ-ին կտան թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Կա նաեւ այլ տարբերակ` 100մլն եվրո +Ռակիտիչ + Դեմբելե: Հիշեցնենք, որ Նեյմարին իրենց կազմում դեռեւս ցանկանում են տեսնել «Ռեալն» ու «Յուվենտուսը»:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին վերականգնողական մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ ընդհանուր կազմ կվերադառնա ամենաշուտը 1 ամսից: Այս մասին տեղեկացնում է RAC1-ը: Հիշեցնենք, որ Մեսսին նոր էր ապաքինվել վնասվածքից եւ պատրաստ էր «Բետիսի» դեմ խաղին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշել էր ռիսկի չդիմել:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս