ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Այս թռչունները հավանաբար դժգոհություն ունեն եւ որոշել են իրենց խնդիրը ճանապարհ փակելու միջոցով լուծել։

 

 

 

ՀԱՐՑ. Դեղերի դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակներ ձեռք բերելու համար ո՞ւմ պետք է դիմել:

Կարինե Միրզոյան (33 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի հոդված 9.3-ի 1-ին կետի համաձայն` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից: Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, էլեկտրոնային եղանակով ներկայացված դրոշմապիտակի ձեռքբերման հայտի հիման վրա: Դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Անձը ո՞ր դեպքերում կարող է ձեռք բերել անժամկետ հաշմանդամություն: Կոնկրետ ի՞նչ է հարկավոր անժամկետ հաշմանդամություն ստանալու համար:

Իսկուհի Հայրապետյան (62 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հայրապետյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց բժշկական օգնություն ստանալու արտոնությունները սահմանված են` ըստ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: Ի դեպ, 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:




Լրահոս