ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանականները հանդիպում էին կազմակերպել ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Բացի այն հատվածից, որ խորհրդարանում եղան բաց լսումներ, մոտ մեկուկես ժամ էլ տեւեց դռնփակ նիստը, որն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, բավական թեժ է եղել: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին տեղեկացրել են, որ իրենք այսուհետ պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական գործունեությամբ եւ ոչ թե ինչ-որ պաշտոնյաների` այդ երկիր դիմավորելու ու ճանապարհելու գործընթացով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` դռնփակ նիստում բավական սուր է խոսել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. նա կոչ է արել դիվանագետներին սկսել ավելի ակտիվ աշխատել, ու այն հայտարարությունները, թե մենք ժողովրդավարական երկիր ենք, ու երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություններ են իրականացվել, իրականության հետ կապ չունեն: Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւս բավականին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինս նշել է, որ Սփյուռքի մեծահարուստները, որոնք ցանկանում են ՀՀ-ում ներդրումներ անել, իրեն բողոքել են, թե իրենք դիմում են դեսպաններին` իրենց օգնելու կապեր հաստատել ՀՀ-ի հետ ներդրումներ իրականացնելու համար, դեսպաններն ասում են, թե դա իրենց գործառույթը չէ: Այնուհետեւ բավականին խիստ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը` նշելով, թե պետք է փոխել դիվանագիտական վեկտորը, այլապես այն հին մեթոդներով, որոնցով աշխատում են դիվանագետները, որեւէ արդյունք չպետք է սպասել ՀՀ-ի արտաքին քաղաքական ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` դեսպանները շատ ուշադիր լսել են պատգամավորների դիտարկումները եւ լռել: Հակափաստարկներ չեն բերել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձեւավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաեւ ներկայացուցիչներ խորհրդարանից: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` Անի Սամսոնյանը: Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռեւս տեղեկություն չունեն: Պետք է գնան եւ տեղում հասկանան` ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում: Այդ պատճառով Երեւան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել` եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որպեսզի իրենց տեղափոխեն մարզեր: Մարզերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումների առարկա է դարձել, եւ առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենտը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ եւ բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել` դիմում են դատարան: Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել:

 

 

 

ՕՐԵՆՔՈՎ` ԱՌԱՆՑ «ԳՈՂԵՐԻ»
Հայաստանը լայն քայլերով գնում է դեպի ապաքրեականացված երկիր դառնալու հանգրվան: Ինչ խոսք, սպասված, երկար սպասված գործողություններ են, որոնք ծավալվում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ եւ կօգնեն Հայաստանում թոթափել կրիմինալ մտածողությունը, «գողական բարքերը», եւ կամաց-կամաց կվերածվենք իրավական երկրի` իրավագիտակից քաղաքացիներով: Երեկ ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ կառավարությանը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել «օրենքով գողի» կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Այսինքն` գողական ռազբորկաները, սխոդկաները, թագադրումները պետք է այսուհետ մնան անցյալում: Եւ նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, որոնք կօգնեն բացահայտել նման խմբավորումներ: Իհարկե, այս նորմի կիրառումը դեռ դժվար կլինի, քանի որ հայ հասարակության համար երկար ժամանակ պետք կլինի` «գողական բարքերը» թոթափելու համար, ավելին` «գողերի» գործողությունների մասին իրավապահներին հայտնելու «հանդգնություն» դրսեւորելու համար:
Այս իրավիճակում անպատասխան են մնում մի քանի հարցեր, որոնք պատշաճ չկարգավորելու պարագայում հնարավոր է լրջագույն խնդիրներ առաջացնեն մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Նախ. ինչպես պարզել` ով է «օրենքով գողը» կամ քրեական ենթամշակույթ կրողը, որպեսզի նրան պատիժ սահմանվի. չկա իրավական որեւէ հիմնավորում: Կամ եթե մի քանի «օրենքով գողեր» հավաքվեն մի ռեստորանում, որեւէ մեկի տանը եւ հաց ուտելու սեղանի շուրջ իրենց աշխարհին առնչվող հարցեր քննարկեն, ինչպե՞ս է դա բացահայտվելու, հիմնավորվելու ու պատժվելու, որպեսզի օրենսդրության հետ խնդիրներ չառաջանան: Արդյոք սա չի՞ բերի այնպիսի իրավիճակի, որ «օրենքով գողի» վերնագրի ներքո մի շարք անցանկալի մարդիկ, այդ թվում` աշխույժ երիտասարդներ, ուղղակի հեռացվեն երկրից, ինչպես Վանոյի ժամանակ: Կամ մի իրավիճակ, որ վերջերս արձանագրվեց. Դոն Պիպո անունով հայտնի բարեգործ Արթուր Ասատրյանին ոստիկանները նվաստացրին, ձեռքը կոտրեցին ու ոչ մի պատիժ: Ի վերջո, նա ՀՀ քաղաքացի է, հակաիրավական արարք թույլ չի տվել (եթե տվել է, պետք է պատժել, այլ ոչ թե ձեռքը կոտրել): Սրանք հարցեր են, որոնք ի սկզբանե պետք է կիրառելիության դաշտում պատասխաններ ունենան:
Բայց, ամեն դեպքում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կախված չէ «գողերից» ու գողական բարքերից, ընտրություններում չի հենվում նրանց վրա, չի կաշկանդվում: Միայն թե այս ընթացքում մարդկանց իրավունքներ չոտնահարվեն սուբյեկտիվ գործելաոճով:




Լրահոս