ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ ԱՎԵԼԻ «ԲՈՒՌՆ» ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանականները հանիպում էին կազմակերպել ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Տարբեր երկրներում ՀՀ-ի բոլոր դեսպանները ԱԺ էին եկել` լսելու բոլոր այն հարցերը, որոնք կապված են իրենց աշխատանքային գործունեության հետ: Բացի այն հատվածից, որ խորհրդարանում եղան բաց լսումներ, մոտ մեկուկես ժամ էլ տեւեց դռնփակ նիստը, որն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, բավական թեժ է եղել: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին տեղեկացրել են, որ նրանք այսուհետ պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական գործունեությամբ եւ ոչ թե ինչ-որ պաշտոնյանների` այդ երկիր դիմավորելու ու ճանապարհելու գործընթացով:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` ընդդիմության համար անակնկալ է եղել այն, որ դեսպանների հետ հանդիպում է լինելու, ու ընդդիմադիր շատ պատգամավորներ միմյանցից էին ճշտում հանդիպման մասին ու հետաքրքրվում, թե ինչու այդպես անակնկալ եղավ հանդիպումը:
Նախ դռնբաց նիստում շատ «սուր» ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո, ըստ էության, չի փոխվել. «Մենք շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչեւ հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի. ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Մեկուկես տարվա մեջ մենք որպես դրսում վաճառելու պրոդուկտ ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակել ենք հեղափոխությամբ, եւ դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումն արդյունքով այսօր չեմ կարող ասել: Ասում ենք` ժողովրդավարական երկիր ենք, ի՞նչ բարեփոխումներ եք արել այս մեկուկես տարվա մեջ: Այս պահին դրա հետ կապված, մեծ հաշվով, բան չկա: Կարող ենք պատմել` ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո ռեֆորմների ուղղությամբ ի՞նչ է արվում»,-հայտարարեց Մարուքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Է. Մարուքյանի կողմից գրեթե նույնաբովանդակ ելույթ է հնչել դռնփակ նիստի ժամանակ: Մարուքյանը կոչ է արել դիվանագետներին սկսել ավելի ակտիվ աշախել, ու այն հայտարարությունները, թե մենք ժողովրդավարական երկիր ենք ու երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություններ են իրականացվել, իրականության հետ կապ չունեն:
Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բավականին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինս նշել է, որ Սփյուռքի մեծահարուստները, որոնք ցանկանում են ՀՀ-ում ներդրումներ անել, իրեն բողոքել են, թե իրենք դիմում են դեսպաններին` իրենց օգնելու կապեր հաստատել ՀՀ-ի հետ ներդրումներ իրականացնելու համար, վերջիններս հայտարարում են, թե դա իրենց գործառույթի մեջ չի մտնում, բայց իրենք պարտավոր են «կապող օղակ» դառնալ ՀՀ-ի ու իրենց միջեւ: Ա. Եղոյանը հայտարարել է, որ նման դեպքերը շատ են եղել, ու կրկնվելու դեպքում իրենք ստիպված են լուրջ որոշումներ կայացնել: Արման Եղոյանին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը` հայտարարելով, թե ինքը չի կարող հավատալ, որ որեւէ դեսպան կարող է իրեն նման կերպ դրսեւորել ու ներդրողներ անող գործարարների հետ չցանկանալ հանդիպել:
Այնուհետեւ, բավականին խիստ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը` նշելով, թե պետք է փոխել դիվանագիտական վեկտորը, այլպես այն հին մեթոդներով, որոնք աշխատում են դիվանագետները, որեւէ արդյունքի չպետք է սպասել ՀՀ-ի արտաքին քաղաքական ոլորտում: Ա. Բաբաջանյանը դեսպաններին հորդորել է իսկապես աշխատել ու ոչ թե ժամանակ «մեռցնել» տարբեր երկրներում:
Շատ «բուռն» ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը դեսպաններին հիշեցրել է նախորդ իշխանությունների ժամանակ կատարած իրենց «ոչ պատշաճ» աշխատանքի մասին` հորդորելով այլեւս նման գործունեությամբ չզբաղվել: Ն. Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ դեսպանները «զբաղվել էին» տարբեր պաշտոնյաների կանանց` տարբեր «շոփինգներից» գնված իրերը իրենց հյուրանոցները տեղափոխելու գործընթացով: Պատգամավորը նշել է` այժմ էլ շատ վատ է աշխատում Արտաքին գործերի նախարարություն-խորհրդարան եւ Սփյուռք կապը, ու հորդորել է ամեն ինչ անել, որպեսզի կարողանան իսկապես միմյանց հետ աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` դեսպանները շատ ուշադիր լսել են պատգամավորների դիտարկումները, որից հետո ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը ու նշել, որ բոլոր դիտարկումներն իրենց համար շատ կարեւոր են, ինչի համար էլ իրենք այդ հանդիպումը նախաձեռնել էին: Նախարարը նշել է, որ իրենք ամեն ինչ անելու են նախկին գործելաոճերը փոխելու համար:
Բայց թե որքանով կհաջողվի դեսպաններին իսկապես դիվանագիտական լուրջ աշխատանքներ իրականացնել ՀՀ-ի համար, ժամանակը ցույց կտա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ՉԻՇԻԿՆ» ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ԴԱՏԱՎՈՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի՛ ընկերներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Այս քայլի համար դատավորի նկատմամբ վարույթ էր հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից: Ըստ էության, դատավոր Երիցյանը ներկայացել է հանձնաժողով ու ներկայացրել է իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ: Իսկ, ահա, հանձնաժողովը որոշել է նրան չպատժել եւ նրա հարցը չուղարկել ԲԴԽ: Նկատենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավորի այս հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ «չիշիկ են լցրել» տարայի մեջ եւ տարել են ԲԴԽ-ի դիմացը: Դատելով իրավիճակից` եթե խոսում ենք դատական համակարգի ինքնամաքրման մասին, ապա այս դեպքը չպետք է անպատիժ մնար, սակայն էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ կատարվածում որեւէ արտառոց բան չկա:

 

 

 

ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործունեության հետ կապված հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Մասնավորապես, քրեական գործով քննության արդյունքում պարզվել է, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը որոշ տնտեսությունների ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության, այսինքն՝ վերջիններս ապօրինի գործունեություն են ծավալում: Խոսքը ձկնաբուծարանների ավելի քան 200 տնտեսությունների մասին է: Իսկ, առհասարակ, հանրապետությունում արդյունագործական ձկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 17000 տոննա, որից Արարատյան հարթավայրում՝ շուրջ 14000 տոննա։ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ոլորտում գործունեություն է իրականացնում ավելի քան 165 ձկնաբուծական տնտեսություն, որից 136-ը՝ Արարատյան հարթավայրում։ Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության նպատակով հիմնականում բուծվում են իշխանազգի, թառափազգի եւ կարպազգի ձկնատեսակներ։ Արարատյան հարթավայրի արդյունագործական ձկնաբուծարաններում 1 լ/վ ջրահոսքով արտադրվում է ավելի քան 500 կգ ձուկ։

 

 

ԱՎԱՐՏԵՑ
Օգոստոսի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն` նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: «Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը»,-նշել է դեսպանը:

 

 

 

ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մեկնի Վարշավա` ի նշան համերաշխության Վլադիմիր Պուտինի հետ: Լուկաշենկոն հրաժարվել է այցից, քանի որ Լեհաստանը Պուտինին հրավեր չի ուղարկել: Բելառուսի ԱԳՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը: Նշենք, որ Լեհաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի նախագահները սեպտեմբերի 1-ին Վարշավայում Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին հանդես կգան ելույթներով: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել լեհական կողմի հրավերը` մասնակցելու սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ի դեպ, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրավեր չի ստացել` մասնակցելու Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկին նվիրված միջոցառումներին:

 

 

 

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ
Հայաստանը հետեւողական է իր դիրքորոշումներում. այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին: «Որեւէ նոր բան… մենք խոսել ենք կարգավիճակի մասին: Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու, որ ավելի լայն ենք խոսել, բայց միշտ նույն բանի մասին ենք խոսել: Այդ առումով մենք չափազանց հետեւողական ենք»,-ասել է նա: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, իր գնահատմամբ, բավական դինամիկ է եղել այս տարվա ընթացքում:




Լրահոս