ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄՏԱՀՈԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում: Հրդեհի հետեւանքով մեծ քանակությամբ ծուխ է արձակվել մթնոլորտ, որից շատերը գլխացավ, գլխապտույտ են զգացել կամ սրտխառնոց: Եւ մարդկանց համար կարեւոր այս պահին Առողջապահության նախարարությունը լուռ էր:

Մինչդեռ համաշխարհային փորձն ասում է, որ նմանօրինակ հրդեհների կամ պայթյունների ժամանակ, երբ սեւ ծուխ է լինում, ուրեմն դրանում տոքսիկ նյութեր կան, հետեւաբար այն կարող է վտանգ առաջացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար: Բայց, արի ու տես, որ հրդհեի ժամանակ, երբ դեպքի վայրում էին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Առողջապահության նախարարությունը անգամ չբարեհաճեց մի հայտարարության տեքստ տարածել` կոչ անելով մարդկանց զգուշանալ: Կամ եթե այն վտանգավոր չէր, ապա նախարարությունը կարող էր հանգստացնել քաղաքացիներին` նշելով, որ հրդեհի արձակած ծուխը վտանգավոր չէ առողջության համար, միաժամանակ հորդորեր ռիսկային խմբերին՝ երեխաներին, ծերերին ու խրոնիկ հիվանդներին զգուշավորություն ցուցաբերել: Բայց Առողջապահության նախարարությունը ուխտի ականջում քնած էր: Տպավորություն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այս կյանքում միայն անհանգստացնում է ծխախոտի ծուխը, եւ նա, բանուգործը թողած, իր թիմի հետ միասին պայքարում է միայն ծխելու դեմ: Անգամ օրեր անց նախարարությունը չի բարեհաճում խոսել այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` հրդեհից արձակված ծուխը անհանգստացրել է միայն Շրջակա միջավայրի նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը դիտարկումներ է կատարել: Ըստ այդմ` օգոստոսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում առաջացած հրդեհի մոտակա դիտակետերում արձանագրել է մթնոլորտային օդի աղտոտվածություն։ Ըստ այդ կենտրոնի` օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերացանցել է՝ հասնելով մինչեւ 1.961 մգ/մա (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ ՍԹԿ=0.05 մգ/մա), իսկ ազոտի երկօքսիդը՝ 0.209 մգ/մա (ՍԹԿ=0.04 մգ/մա): Ի դեպ, նկատենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունն օզոնաքայքայիչ նյութերի մոնիթորինգ չի իրականացնում, որովհետեւ կարողություններ չունի:
Ստացվում է, որ կենտրոնի կատարած դիտարկումների արդյունքներին էլ Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ: Ինչեւէ, փորձեցինք մեր հարցերին պատասխաններ գտնել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Զրուցեցինք արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` միաժամանակ ներկայացնելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած դիտարկումների արդյունքները: Նկատենք, որ ԱԻ նախարարը եւս զարմացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունից իրենց չեն տեղեկացրել մոնիթորինգի արդյունքների մասին: Ապա ասաց, որ քիչ հետո կապ կհաստատի մեզ հետ:
Օրվա վերջ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կապ հաստատեց մեզ հետ եւ փոխանցեց, որ քիմիկոսներին ուղարկել է դեպքի վայր` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: «Հրդեհի առաջին օրը եղել է ծծմբական թթվի ավելցուկ, դրանից հետո այն ցնդել է, վերացել է: Ձեր զանգից հետո մեր քիմիկներին ուղարկել ենք այնտեղ. նրանք 7 կոմպոնենտով ստուգում են անցկացրել, ամեն տեղ 0 է արձանագրվել, նորմայի սահմաններում է: Ինչ եղել է, առաջին օրն է եղել. մենք չէինք կարող առաջին օրը հենց ուսումնասիրություն կատարել: Շատ արագ ցնդել գնացել է, այրվել է կիսլատա, սոսինձ: Հետո այնտեղ հիմնականում սառնարանների ֆրիոնների պայթյուններ էին, դրանց պայթյունի ձայնը մենք լսում էինք հրդեհի ժամանակ: Այդ պահին դրա դեմ մենք ոչինչ անել չէինք կարող, դա ծխի հետ գնում էր»,- պարզաբանեց նախարարը: Ապա եւս մեկ անգամ ընդգծեց` նշելով, որ ոչինչ չէր փոխվելու, եթե իրենք հենց այդ օրը ուսումնասիրություն անեին. «Քաղաքացիները տանից դուրս չէին գալիս, իսկ ով դուրս էր գալիս, ստիպված էր լինում այդ ծուխը շնչել: Մենք այդ պահին ոչինչ չէինք կարող անել»:
Այնուամենայնիվ, որպեսզի պարզենք, թե ինչ վնաս կարող է մարդուն հասցնել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն»-ի կողմից արձանագրվածը, դիմեցինք բնապահպան Ինգա Զարաֆյանին:
Նրա ներկայացմամբ` ծծմբի երկօքսիդը միանշանակ թունավոր գազ է: Նույնիսկ եթե մարդը շնչում է քիչ կոնցետրացիայով, այն կարող է նրա մոտ բարդություններ առաջ բերել վերին շնչառական ուղիներում, ձայնային շեղումների պատճառ դառնալ, օրինակ` հազի պատճառ կարող է դառնալ: Այն կարող է առաջացնել սրտխառնոց, թթվածնի անբավարարություն: Բացի այս, երբ մարդը շնչում է այդ գազը, նույն պահին նշանները կարող է չզգալ, այլ մեկ կամ երկու օր անց: Ծծմբական թթուն ազդում է մաշկի, լորձաթաղանթի մեմբրանների, շնչուղիների վրա` պատճառելով քիմիական այրվածքներ։ Շնչառության ժամանակ օրգանիզմում առաջացնում են թթվածնային քաղց, հազ, բրոնխիտ եւ այլն։

 

 

 

ԿՍՏԵՂԾՎԻ ԴՐԱՄԱԳԼՈՒԽ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՐԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի ջրային օրենսգրքում առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն առաջարկում է անցնել ջրային ռեսուրսների ջրավազանային կառավարման սկզբունքին: Այդ մարմնի հիմնական գործառույթներից պետք է լինեն իրենց տարածքում գործող ջրօգտագործողների փաստացի գործունեության ուսումնասիրությունը եւ համադրումը` ըստ ջրօգտագործման թույլտվության պահանջների: Բացի այս, կբացահայտվեն ապօրինի ջրօգտագործողներն ու կբերվեն իրավական դաշտ: Ի դեպ, նախարարությունը նախատեսում է ստեղծել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան դաշտում գործում է շուրջ 120 ձկնաբուծարան: Տեղեկացնենք, որ 2010 թվականից, երբ Արարատյան դաշտում սկսեցին ձկնաբուծությամբ զբաղվել, դրա արդյունքում արտեզյան ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը նվազեց: Այսինքն` ստորերկրյա ջրերը գերշահագործվեցին: Ըստ շրջակա միջավայրի նախարարության` Արարատյան դաշտի արտեզյան վիճակի ջրավազանի վերականգնման միակ հնարավոր եղանակներից է չշահագործվող հորատանցքերի լուծարումը, կոնսերվացումը, ինչը կվերականգնի արտեզյան ջրավազանի ստորերկրյա հորիզոնը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հորատանցքերի լուծարումն ու կոնսերվացումն իրականացվում է տնտեսվարողների միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը: Բայց նախարարության համար երբեմն խնդիրներ են առաջանում, երբ լքված տնտեսություններ են լինում: Եւ հենց այդ դեպքում մեծանում է պետության վրա ֆինանսական բեռը նման հորատանցքերը լուծարելու համար:
Եւ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ջրային օրենսգրքում լրացում կատարել, ըստ որի` տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել ֆինանսական երաշխիքներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարը տնտեսվարողը պետք է փոխանցի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Այսինքն` հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումը կիրականացվի առանց սեփականատիրոջ միջամտության: Թե ինչ գումարների մասին է խոսքը, եւ որքան պետք է տնտեսվարողը փոխանցի դրամագլուխ, դեռեւս հայտնի չէ: Արդյոք նախագիծը կողջունեն ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները` դա էլ ցույց կտա ժամանակը:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

«ՄԱՍԿԻ ՇՈՈՒ» ԻՋԵՎԱՆՈՒՄ
Օգոստոսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի` 6-րդ վարչության աշխատակիցները ներկայացել են Իջեւանի «Գայանե», այժմ` «Իջեւան» համատիրության ղեկավար Սիրակ Աղասարյանին եւ նրանից պահանջել համատիրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերը` սկսած 2011թ. մինչեւ հիմա, նաեւ ցանկացել նրանից բացատրություն վերցնել:
Ս. Աղասարյանը նրանց ասել է` եթե համատիրության վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա, ինքը չի կարող փաստաթղթեր տրամադրել եւ բացատրություն տալ: Դրանից հետո ոստիկանության Իջեւանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանն է գրություն ուղարկել Ս. Աղասարյանին` պահանջելով տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը:
Օգոստոսի 29-ի առավոտյան ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Իջեւանի բաժնի աշխատողների հետ, ունենալով խուզարկություն կատարելու համար Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տված վճիռը, մտել են Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող համատիրության տարածք: Ոստիկանների թիվը եղել է մոտ 40, նրանցից 7-8-ը եղել են սեւազգեստ, դիմակավորված, ինքնաձիգներով: Նրանք մոտ կես ժամ արգելել են Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված համատիրության գրասենյակի հարեւանությամբ գտնվող Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատողներին մտնել իրենց աշխատավայր` ասելով, որ իրենք ոստիկանական գործողություն են կատարում, դրա համար տարածքը շրջափակել են: Իջեւանի քաղաքապետարանի աշխատողները, երկյուղելով կատարվածից, այդ ժամանակ մտել են քաղաքապետարանի մոտակա սրճարաններ` վախենալով բարձրանալ քաղաքապետարանի շենք:
Ոստիկանները Իջեւանի փրկարար ծառայությունից բերված հատուկ տեխնիկայով սղոցել-կտրել են համատիրության չհրկիզվող սեյֆը: Համատիրության տարածքի խուզարկության ժամանակ Սիրակ Աղասարյանը այդտեղ չի գտնվել: Լուրջ հիվանդությամբ տառապող Ս. Աղասարյանի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել, նա գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Իջեւանում տարածված կարծիք կա, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ Իջեւանի համատիրությունում կատարվող խուզարկությունը ներկայումս իրականացնելը կարող են կապված լինել Իջեւանի քաղաքապետի` դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների հետ, որպեսզի 2011 թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը այդ ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը: Խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել իր կնքահորը` Հայկ Ղալումյանին, որը զբաղեցնում է «Հայէկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Նրա եղբայրը` Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավոր է: Շրջանառվում են նաեւ Իջեւանի քաղաքապետի 2 այլ թեկնածուի անուններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս