Արդեն մի քանի տուր է, ինչ մեկնարկել են եվրոպական թոփ 5 առաջնությունները: Մեզ` հայերիս, ամենաշատը հետաքրքրում է Անգլիայի Պրեմիեր Լիգան եւ, մասնավորապես, Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Անգլիայի առաջնությունից անցել է 3 տուր, իսկ հայազգի կիսապաշտպանը, կարելի է ասել, մասնակցել է ընդամենը 1 հանդիպման, եթե հաշվի չառնենք «Լիվերպուլի» դեմ հանդիպումը, որտեղ Հենրիխը խաղադաշտ մտավ միայն 86-րդ րոպեին:
Նիկոլյա Պեպեի` Լոնդոն ժամանելուց հետո, կարծես թե, ընդգծվեց այն մեկնարկային կազմը, որն այս մրցաշրջանի համար խաղադաշտ դուրս կբերի Ունայ Էմերին: Հենրիխ Մխիթարյանը, ցավոք, այդ 11-ի մեջ չի մտնում: Առաջին տուրում «Նյուքասլի» դեմ խաղում մեր ընտրանու ֆուտբոլիստը չկարողացավ լավ դրսեւորել իրեն, ինչն էլ ավելի իրական դարձրեց այն փաստը, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում Էմերիի համար լինելու է միայն պահեստային տարբերակ: Իհարկե շանսեր կան, որ Մխիթարյանը կարող է իր լավ խաղով վերադարձնել տեղը մեկնարկում, սակայն ավելի ռեալ նայելով ստեղծված պատկերին` դժվար է հավատալ, որ լոնդոնյան թիմի 80 մլն եվրո արժողությամբ Նիկոլյա Պեպեն կհայտնվի պահեստայինների նստարանին. միայն նրա տրանսֆերային արժեքը «Զինագործներին» կստիպի իվուարցուն ընդգրկել մեկնարկային կազմում: Ստեղծված իրավիճակը շատ բարդ խնդիր է Մխիթարյանի համար, որը լուծելու համար մեր ֆուտբոլիստը ունի երկու տարբերակ: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կային շշուկներ, որ Հենրիխը կարող է հեռանալ Լոնդոնից, եւ նույնիսկ նշվում էին անուններ, որոնցից ամենահավանականը համարվում էին իտալական «Միլանը» եւ գերմանական «Բորուսիան»: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ երեւում է, որ Մխիթարյանը «Արսենալի» ճամբարում կմնա առնվազն կես տարի եւս: Երեւում է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է իսկական պատերազմ մղել մեկնարկային կազմի համար, որն այս իրավիճակում միանշանակ ամենաճիշտ որոշումն է: Նմանատիպ օրինակներ կարելի է հիշել համաշխարհային ֆուտբոլում, որոնցից ամենամոտը Հենրիխ Մխիթարյանի թիմակից Մեսուտ Օզիլն է, որը Գարեթ Բեյլի «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո ուղղակի «փախավ» Մեծ Բրիտանիա, իսկ ժամանակը ցույց տվեց, որ գերմանացի ֆուտբոլիստը ոչ միայն կարող էր պայքարել մեկնարկային կազմի համար եւ ստանալ ստաբիլ խաղաժամանակ, այլ կարող էր նույնիսկ ապահովել տեղը «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում: Նմանատիպ մեկ իրավիճակում էլ հայտնվել է մեր ֆուտբոլիստը, որը փաստացի ընտրեց ամենաբարդ ճանապարհը` մեկնարկային կազմի համար պայքար մղելը: Մեր հավաքականի ավագը կարող է մեծ հեղափոխություն կատարել լոնդոնյան թիմում, եթե կարողանա գտնել իր նախկին խաղը: Եթե մի պահ պատկերացնենք, որ Նիկոլյա Պեպեն խաղում է բարձր մակարդակի ֆուտբոլ եւ ապահովում տեղը մեկնարկային կազմում, ապա նույնիսկ այդ ժամանակ չեն փակվում բոլոր դռները Մխիթարյանի առջեւ: Հիշելով Ունայ Էմերիի խաղային փիլիսոփայությունը եւ խաղային մարտավարությունը` դժվար է պատկերացնել, որ նա խաղադաշտ դուրս կբերի գերհարձակվողական կազմ. այս տարբերակը գրեթե անհավանական է թվում, սակայն կարելի է եւ ստիպել Էմերիին, որը կարող են միայն Մխիթարյանն ու Պեպեն բարձր մակարդակի խաղ ցուցադրելու պայմաններում: Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Հենրիխը լավ հանդիպում չանցկացրեց, երկրորդ տուրում ընդհանրապես խաղադաշտ դուրս չեկավ, իսկ «Լիվերպուլի» դեմ խաղին մի քանի րոպե անցկացրեց կանաչ խոտածածկի վրա եւ այդ մի քանի րոպեի ընթացքում, ինչպես երեւաց Էմերիի մամուլի ասուլիսի ժամանակ, կարողացավ տպավորել մարզչին: Ունայ Էմերին «մերսիսայդցիների» դեմ խաղից հետո մի գլուխ գովեց Հենրիխին` ասելով, որ մեր ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գալով փոխեց թիմի խաղը: Իհարկե հասկանում ենք բոլորս, որ այդ մի քանի րոպեները չեն կարող որոշիչ դառնալ, սակայն մարզչի այս խոսքերը նաեւ փաստում են նրա մասին, որ Մխիթարյանը դեռ կստանա իր հնարավորությունը եւ կկարողանա ապացուցել բոլորին, որ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:
Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը հաստատ չի հեռանա թիմից, սակայն շատ են խոսակցությունները, որ նրա տրանսֆերը լոնդոնցիները ձմռանը կվաճառեն Հենրիխի նախկին թիմին` Դորտմունդի «Բորուսիային», որը կարծես ցանկանում է հավաքել երբեմնի հզոր կազմը, եւ այդ կազմից պակասում են միայն Մխիթարյանն ու Լեւանդովսկին:
Այս տեղափոխությունը իրատեսական է, սակայն մեր ֆուտբոլիստը իր տրամադրության տակ ունի մի ամբողջ կես տարի «Արսենալի» ղեկավարության, մարզչի եւ երկրպագուների սիրտը շահելու եւ Անգլիայի ամենահզոր ակումբներից մեկում հաստատվելու համար:
Հաջորդ` 5-րդ տուրում «Արսենալը» տանը կմրցի լոնդոնյան ակումբներից մյուսի` «Տոտենհեմի» հետ: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաթեժ դիմակայություններից մեկը կարող է հարթել այն դժվարությունները, որին բախվել է մեր ֆուտբոլիստը «Արսենալ» տեղափոխվելուց հետո:
Խաղը կկայանա սեպտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին:
«ՍՊՈՐՏԱՁԵՎԸ ԶԱՐԳԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
«Ժողովուրդ» օրաթերթը կանոէ սպորտաձեւի մասին է զրուցել Կանոէի ֆեդերացիայի նախագահ Վահան Ադամյանի հետ: Նախագահը անդրադարձել է սպորտաձեւի կարեւր խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի պաշտոնական էջի գրառմանը:
-Ի՞նչ զարգացվածության վրա է գտնվում սպորտաձեւը Հայաստանում:
-Սպորտաձեւը զարգացած է Հայաստանում: Տարածված է նաեւ մարզերում եւ, կարելի է ասել, վայելում է մասսայականություն: Մենք լավ արդյունքներ ենք գրանցում, որը նպաստում է զարգացմանը:
-Ի՞նչ կասեք առաջիկա մրցումների եւ ուսումնամարզական հավաքների մասին:
-Մենք մասնակցել ենք աշխարհի առաջնությանը, եւ մեր մարզիկները գրավել են 16-րդ ու 18-րդ տեղերը: Դա չլսված եւ բացառիկ արդյունք է: Ուսումնամարզական հավաքներ, իհարկե, կազմակերպում ենք, իսկ առաջիկա մրցաշարը կկայանա հոկտեմբերին Վրաստանում: Վրաստանի Բաց առաջնությունն է, որտեղ ամեն ինչ կանենք լավ արդյունք գրանցելու համար: Այդ մրցաշարից առաջ դեռեւս ուսումնամարզական հավաքներ չենք կազմակերպել, բայց, կարծում եմ, կլինեն:
-Նշեցիք, որ մարզերում տարածված է, իսկ ավելի զարգացնելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Զարգանալու համար գումար է պետք, որը չունենք: Կա մարզաձեւի գույքի պակաս եւ նմանատիպ այլ հարցեր:
-Պետության կողմից ֆինանսավորվող գումարի չափը կնշե՞ք:
-Առաջ 10մլն էր, իսկ հիմա 11մլն դրամ: Դա, իհարկե, քիչ է, սակայն հասկանում ենք, որ պետությունը ավելի շատ վճարել չի կարող: Շատ ծախսեր հոգում է հենց ֆեդերացիան:
-Ի՞նչ կասեք Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի պաշտոնական էջի այն գրառման մասին, որ հայթիավարողները ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցել Աշխարհի առաջնության եզրափակչին:
-Ես զրուցել եմ նրանց հետ եւ պարզաբանում պահանջել: Իհարկե մենք եզրափակչին մասնակցել ենք, եւ այդ գրառումը մեզ հետ կապ չունի: Մենք ոչ մի ֆինանսական խնդիրներ չենք ունեցել եւ մասնակցել ենք առաջնությանը: Պետությունը մեզ ֆինանսավորել էր, եւ մենք, ինչպես որ հարկն է, մասնակցել ենք:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել նաեւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այդ գրառումը վերաբերում է իրենց մարզիկներին. «Ուղղակի զուգադիպություն էր: Համատեղ ընթանում էր նաեւ սահմանափակ կարողություններով մարզիկների առաջնությունը, եւ այդ գրառումը վերաբերում էր մեր մարզիկներին»:
Նյութերը՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ