ՈՒԶՈՒՄ ԷԻՆ` ԼԱՎ ԼԻՆԵՐ, ՍՏԱՑՎԵՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն այդպես էլ չի գտնվում: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռեւս անցյալ տարի հայտարարել էր, որ, 2019-ից սկսած, առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի, իսպառ կվերացվի մարդկային գործոնը: Եւ մինչ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Ինչ խոսք, լավ մտահղացում է: Բայց պարզվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ, մի շարք երեխաներ չեն կարող դպրոց հաճախել հատկապես փոքր Կենտրոնում: Բանն այն է, որ առցանց գրանցման ծրագիրը խափանված է եղել եւ անգամ գրանցման հայտարարությունից 3 օր անց տեղերը փակել է՝ անհնար դարձնելով գրանցումը: Ու մարդիկ կան, որոնք ունեն մեկ երեխա, որ սովորում է, օրինակ, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցներում, երկրորդ երեխային չեն կարողացել գրանցել նույն դպրոցում ու ստիպված են տանել նախարարության առաջարկած հեռավոր՝ օրինակ, Փարաքարի, Ավանի դպրոցներից մեկը: Ստացվում է, որ ծնողը պետք է առավոտյան արթնանա, մի երեխային տանի Կենտրոնի դպրոց, մյուսին՝ Փարաքար, հետո վերադառնա աշխատանքի առանց ուշանալու: Համաձայնեք, մեղմ ասած, դժվար է: Էլ չասած, որ երեխաները կապված են իրենց քույրերի եւ եղբայրների հետ, եւ դժվար է նրանց բաժանել:
Երբ «Ժողովուրդ» օրաթերթի ստացած դժգոհությունները փոխանցեցինք ԿԳՄՍԵ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին, ասաց. «Հայտագրվելուց միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել եւ շուտ գրանցել իրենց երեխային: Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետեւ նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով»: Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց մի երեխան արդեն սովորում է, իսկ մյուսին չեն կարողացել գրանցել նույն դպրոցում (համակարգի խափանման կամ չհասցնելու պատճառով): Այս հարցին ի պատասխան` խոսնակն ասաց. «Իրականում ի սկզբանե մենք մտածում էինք արտոնություն տալ այդ ծնողներին, բայց հաշվի առնելով օրենսդրական դաշտը, իրավական կարգավորումները` դա հնարավոր չեղավ, որովհետեւ բոլորը հավասար իրավունք ունեն: Պետք էր ուղղակի ավելի շուտ երեխային գրանցել»:
Այսպիսով, Կրթության նախարարությունը մի նորարարություն է արել, որը վերածվել է շիլաշփոթի, որից անգամ իրենք գլուխ չեն հանում: Բայց այս գործողությունների թիկունքում ճակատագրեր են, որոնք, կարծես թե, առանձնապես չեն հետաքրքրում պատկան մարմիններին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը լծվել է մի կարեւոր գործի՝ պարզելու, թե ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ «բերված» Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով: Մասնավորապես, Մինասյանը գնացել է ԱԺ լրատվական ծառայություն, սպառնացել, թե ինքն Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համաձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից, որը հայտնեց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»: Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյանի մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է:

 

 

 

Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք:

 

 

 

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգում է, որ ե՛ւ դատական համակարգում, ե՛ւ խորհրդարանում չեն կարողանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ ներկայացնել եւ լրացնել բացը: Բանն այն է, որ մի շարք իրավաբաններ հրաժարվում են դառնալ ԲԴԽ անդամի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին զանգահարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ պարզելու, թե ի վերջո գտնվել է արդյոք ԲԴԽ անդամի նոր թեկնածու, եւ երկրորդ՝ ինչու են իրավաբանները մերժում «Իմ քայլի» առաջարկը: Վարդանյանն ասաց, որ հարցն իր տիրույթում չէ, դիմենք խմբակցության ղեկավարին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, որը հասցեատեր դարձրեց Վլ. Վարդանյանին: «Հիմա սպասում ենք, որ Պետաիրավականը առաջարկի թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն ԲԴԽ անդամի չափանիշներին, եւ, ըստ այդմ, կքննարկենք»,- պատասխանեց Լիլիթ Մակունցը: Մեր հարցին, թե արդյոք այդ մերժումների պատճառը նախորդ թեկնածու Աննա Մարգարյանի չընտրվելու խայտառակ փաստն է, Մակունցը բացասական պատասխան տվեց. «Չէ, ընդհանրապես այդ խնդիրը չկա»:

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԾԽԵԼԸ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է. «Ինձ Ամուլսարի հանքի մասով հայտնի չեն ռիսկեր, որոնք կվնասեն մարդկանց առողջությանը»: Թվում է, թե նախարարի այս խոսքերի թիկունքում կան տասնյակ ուսումնասիրություններ, մասնագիտական բազում եզրակացություններ ու տրցակներով փաստաթղթեր, բայց ոչ: Նա հանրության, մասնագիտական շրջանակների կողմից մինչ օրս բարձրաձայնվող որեւէ խնդիր լուրջ չի համարում: Լրագրողների հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվության մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է. «Անհանգստանալու առիթ չկա: Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այս պահին չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու»: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի համար գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:
Ավելին, մեր երկրի ժողովրդի առողջության թիվ մեկ երաշխավորը հայտարարում է. «Երեւանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան էդ հանքի հնարավոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է»: Ու այստեղ հարց է առաջանում. ի՞նչ է արել նախարար Թորոսյանը երեւանցիների առողջությունը պաշտպանելու համար, թե՞ թեման «թոփ չէ», հետեւաբար նաեւ մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի, ինչպես եղավ «Վեգայի» հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց` ինչպես պաշտպանվեն, երբ այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:
Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր. «Որպես իշխանության ներկայացուցիչ` ի՞նչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջերմուկում առանց թեւի երեխա ծնվի»: «Սա չափազանցված հայտարարություն է: Դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- առանց երկմտելու նետել է նախարարը: Հետաքրքիր է՝ ինչ վստահություն ունի նա, եթե մինչ օրս որեւէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի, ինչպես կարող է 30 տարի հետոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:
Այսպիսով, պետք է փաստենք, որ նախարարն անհանգստանում է ՀՀ քաղաքացիների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքերում վտանգ չկա: Եւ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի:




Լրահոս