«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԱՎ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀՈՒՄՈՐՆԵՐ Է ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հումորիստ, շոումեն, դերասան Արման Գեւորգյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան եթերում հումորի որակի, առհասարակ, լավ հումորի առանձնահատկություններին: Արմանը խոսել է իր բնավորության գծերի, սովորությունների մասին: Նա խոստովանել է, որ ինչպես հարկն է, չի օգտագործել ժամանակը եւ ափսոսում է, որ շտապելով չի ապրել: Այնուամենայնիվ, հումորիստն իրեն համարում է հաջողակ մարդ: Նա պատմել է նաեւ, թե ինչ հարաբերություններ ունի քաղաքականության հետ: Օնլայն տիրույթում քաղաքական սուր հումորներով աչքի ընկնող շոումենը քաղաքական իրադարձություններին նայում է սթափ` իրավիճակը ռեալ գնահատելով:

-Կյանքը հրաշալի է, հատկապես երբ…
-Առողջ են հարազատները:
-Չեք սիրում, երբ Ձեզ ստիպում են…
-Չնախատեսված ժամանակ տրամադրել իրենց:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն անփոխարինելի մարդիկ:
-Հա, իհարկե: Այն մարդիկ, որոնց դու սիրում ես, անփոխարինելի են:
-Ինչպե՞ս են դասավորվել Ձեր եւ քաղաքականության միջեւ հարաբերությունները:
-Նորմալ, չեզոք: Քաղաքական իրադարձություններին նայում եմ սթափ` իրավիճակը ռեալ գնահատելով:
-Անմարդաբնակ կղզի մեկնելուց առաջ ի՞նչ երեք իր Ձեզ հետ կվերցնեիք:
-Ես իրեր չէի վերցնի, այլ երեք հոգու, որպեսզի միայնակ չմնայի (ծիծաղում է):
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ երբ Ձեզ են նվիրում: Տվո՞ղ, թե՞ առնող տեսակ եք:
-Նվիրել, տալ: Ի դեպ, խոսքը միայն նյութականի մասին չէ: Հարաբերությունների մեջ էլ էմոցիա, հույզեր տալուց եմ ավելի շատ հաճույք ստանում:
-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք: Եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ընդհանուր առմամբ, այո: Սովորաբար, քայլեր անելուց առաջ երկար եմ մտածում: Արագ, չմտածված քայլերի մեջ մարդը կարող է շատ անգամ սայթաքել:
-Վերջին գիրքը, որ կարդացել եք:
-Սովորաբար նախընտրում եմ մասնագիտական գրականություն: Իսկ վերջին շրջանում կարդացի «100 բիզնես գաղտնիքներ»-ը, հեղինակ՝ Վահագն Դիլբարյան:
-Սովորություն, որից դժվարությամբ կհրաժարվեք:
-Ինձ թվում է՝ ծխելուց դժվար կհրաժարվեմ, բայց չեմ բացառում, որ, օրինակ, առողջական կյանքում փաստի առաջ կանգնելու դեպքում կհրաժարվեմ այդ սովորությունից եւս:
-Կենցաղը Ձեր կյանքում ի՞նչ տեղ եւ նշանակություն ունի:
-Շատ կարեւոր: Ես ակտիվորեն առնչվում եմ նաեւ կենցաղին: Առավոտից իրիկուն աշխատանքի վայրում չեմ, հաճախ լինում եմ տանը, լուծում եմ կենցաղային խնդիրներ:
-Եթե ոչ Ձեր մասնագիտությամբ, ապա ինչո՞վ կզբաղվեիք:
-Սիրով եմ անում այն, ինչ անում եմ, բայց ինձ մոտ կազմակերպչական ձիրք եւս առկա է: Երեւի թե կառավարման ոլորտում կարող էի ուժերս փորձել եւ հաջողել: Էությամբ լիդեր եմ, նախաձեռնող: Իհարկե, ինքս էլ ներգրավվում եմ պրոցեսին, միայն կանգնել ու ուղղորդել չեմ սիրում:
-Հումորը լավն է, եթե…
-Լավ հումորն ասելիքով է, ինտելեկտուալ: Իհարկե, կան մարդիկ, որ պրիմիտիվության կողմնակից են, բայց ես սատիրայի կողմնակից եմ:
-Հայաստանյան եթերում հումորի մակարդակն ինչպե՞ս կբնութագրեք:
-Միանշանակ չէ իրավիճակը: Կարող է տեւական ժամանակ իրավիճակն անմխիթար լինել, մեկ էլ հայտնվի մի նախագիծ, որը միանգամից կփոխի մթնոլորտը:
-Մեր վարչապետի հումորը լա՞վն է:
-Այո, Փաշինյանը լավ իրավիճակային հումորներ է անում: Պարբերաբար նկատում եմ դա:
-Կյանքը Ձեզ բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ…
-Եթե նույնիսկ մի փոքր անվստահությամբ ես որեւէ բան ձեռնարկում, պետք է, առհասարակ, չանես դա: Ինչ-որ բան անելիս պետք է ամբողջ հոգով-սրտով ցանկանամ դա:
-Ափսոսում եք, որ…
-Ժամանակը ճիշտ չեմ օգտագործել, շտապելով չեմ ապրել:
-Վախենում եք, որ…
-Հանկարծ հասկանամ, որ ոչ մի բանից չեմ վախենում…
-Ի՞նչ եք անելու հարցազրույցից անմիջապես հետո:
-Մի գավաթ սուրճ եմ խմելու եւ մտովի վերլուծելու եմ՝ ինչ խոսեցի Ձեզ հետ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԴԵԿՎԱՏ ՓԱՍՏԱՐԿ ՉԵՄ ԼՍԵԼ»

Ինչպես արդեն գրել ենք, Ամուլսարի հանքի շահագործման թեմայով այս շրջանում ակտիվ տեսակետ են հայտնում մշակույթի մի շարք գործիչներ: Ավելի վաղ մենք ներկայացրել ենք դերասան Սերգեյ Դանիելյանի եւ երգիչ Անդրե Սիմոնյանի կարծիքը:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երգիչ Վահագ Ռաշի հետ: Նա դեմ է, որ Ամուլսարը դառնա հանք. «Առհասարակ, նոր հանքերի բացմանն եմ դեմ: Աշխարհը ուշքի է եկել եւ գնում է բնապահպանական աղետները կանխարգելելու ճանապարհով, իսկ մենք նոր հանք բացելու մասին ենք խոսում: Այսքան ժամանակ կառավարության ներկայացուցիչների կողմից որեւէ ադեկվատ փաստարկ չեմ լսել առ այն, թե հատկապես ինչու է անհրաժեշտ հանքի շահագործումը, ինչու է կառավարությունն այդքան շահագրգռված: Եթե իսկապես կան լուրջ փաստարկներ, ուրեմն հարկավոր է հնարավորինս անվտանգ շահագործել հանքը, բայց ես չեմ լսել այդպիսիք»,-շեշտեց Վահագը:
Նա անդրադարձավ այն դիտարկումներին, թե միայն Ամուլսարի հանքի շահագործման դեմ են ակտիվիստները պայքարում, իսկ մյուս հանքերի շահագործման դեպքում աղմուկն այսքան մեծ չէր. «Մյուս հանքերն արդեն արել են իրենց գործը, թունավորել են շրջակայքը: Սեփականատերերը տարել են մեր հարստությունը՝ դիմացը մեր երկրին չնչին գումարներ տալով: Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի բնությանը հասցված վնասը փոխհատուցվի: Բայց հիմա Ամուլսարի դեպքում մենք կարող ենք կանխել այդ գործընթացը»:
Նա կարեւորեց ամեն քաղաքացու ակտիվ դիրքորոշումը Ամուլսարի հարցում եւ շեշտեց՝ իր նպատակը իշխանությանը դեմ գնալը չէ. «Շատերին թվում է, թե ակտիվիստները դեմ են Փաշինյանին, իշխանությանը: Այդպիսի բան չկա: Իրական պայքարողները նման խնդիր չունեն: Մենք պարզապես հոգում ենք, որ հաջորդ սերնդին ավերակ երկիր չհանձնենք»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
The Sun-ը տեղեկացնում է, որ եվրոպական գրանդ ակումբները քննարկում են Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափ ստեղծելու գաղափարը: Այդ ձեւաչափի համաձայն` Չեմպիոնների լիգան պետք է ունենա 96 մասնակից, որոնք կբաժանվեն 16 խմբի, իսկ յուրաքանչյուր խմբում կլինի 6 թիմ: Ամեն խմբի առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած թիմերը կմասնակցեն փլեյ օֆֆ փուլին: 3-րդ ու 4-րդ հորիզոնականների թիմերը կտեղափոխվեն Եվրոպա լիգա, իսկ վերջին երկու հորիզոնականների թիմերը կմասնակցեն երրորդ եվրոպական մրցաշարի: Նշվում է, որ այդ թիմերը ոչ մի նախընտրական փուլի չեն մասնակցելու:

 

 

ԿԱՅԱՑԱՎ
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույնների մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը: Լավագույն պաշտպանը կրկին «Լիվերպուլից» էր` Վիրջիլ վան Դեյկը: Լավագույն կիսապաշտպանը` Ֆրենկի դե Յոնգը, նախորդ մրցաշրջանում խաղում էր «Այաքսում», իսկ այժմ նա «Բարսելոնայում» է: Լավագույն հարձակվող դարձավ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին: Լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի Վիրջիլ վան Դեյկն է, որը քվեարկության արդյունքում շրջանցեց Լեո Մեսսիին («Բարսելոնա») եւ Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»):

 

 

ԴԻՏԱՐԿՈՒՄ Է
Արդեն ավարտին է մոտենում տրանսֆերային հերթական պատուհանը: Վերջին օրերին Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պայթեցնել տրանսֆերային շուկան` ձեռք բերելով Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Նշվում է, որ «հնդիկները» կվարձակալեն արգենտինացուն: Տրանսֆերային այլ մանրամասներ այլեւս չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ միլանցիները գնել են Ալեքսիս Սանչեսին եւ Ռոմելու Լուկակուին, իսկ Իկարդին Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ կարծես չի մտնում:

 

 

 

ՏՈՄՍԵՐԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կմրցի Իտալիայի հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդեն վաճառվել է տոմսերի մեծամասնությունը, եւ տոմսարկղերում առկա են 3500-ից էլ քիչ տոմսեր: Հիշեցնենք, որ տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-ից 12000 դրամի սահմաններում:

 

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
UFC թեթեւ քաշային չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը, որը 2018-ի հոկտեմբերին պահպանել էր չեմպիոնական տիտղոսը` հաղթելով նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին, խոսել է իր եւ իռլանդացու դիմակայության մասին. «Ոչինչ չի ավարտվել, եւ վստահ եմ` եթե մենք ինչ-որ տեղ հանդիպենք, ապա կկռվենք: Ես չեմ վախենում. նրա թիմը կտեղափոխվի հիվանդանոց, իսկ մենք` ոստիկանություն»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս