Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հ նիստի աշխատանքներին:
Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի
հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ Կոլեգիայի հարգելի նախագահ Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Մենք քննարկեցինք մեր
ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք կարևոր հարցեր:
Նախ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչի
թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Ինչպես գիտեք, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և այս պաշտոնում նրան կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, ով նախկինում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը:
Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։
Շնորհավորում եմ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին և Կոլեգիայի բոլոր անդամներին նշանակման
կապակցությամբ: Վստահ եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան Հանձնաժողովի և ընդհանրապես մեր Միության գործունեության արդյունավետության հետագա բարձրացման գործում:
Բացի այդ, մենք քննարկեցինք «Մինչև 2025թ. եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական
ուղղությունների» մի քանի սկզբունքային հարցեր: Ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, ինչը նշանակալի առաջընթաց է Միության միասնական աշխատաշուկայիարդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում:
Մենք քննարկեցինք նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակում խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Անհրաժեշտ ենք համարում
շարունակել համատեղ ջանքերը՝ դեռևս առկա խոչընդոտները վերացնելու և նոր խոչընդոտների առաջացումը կանխող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Ընդունեցինք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առանձին ոլորտների ծառայությունների
ազատականացման ծրագրերի իրականացման մասին հրամանագիր: Այսօրվա նիստը նշանակալի էր նաև նրանով, որ այն վերջին նիստն էր Հայաստանի նախագահությամբ: Մենք հնարավորություն ունեցանք ամփոփել անցնող տարին և խոսել Հայաստանի նախագահության ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին:
Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով: Ինչպես գիտեք, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը: Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին:
Այս տարվա հոկտեմբերին Երևանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման
ավանդույթին: Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում:
Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջև համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը: Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում:
Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից
յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք
պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ 2020 թվականին Միության նախագահությունը փոխանցվում է
Բելառուսի Հանրապետությանը: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին և հաջողություն մաղթել մեր բելառուս գործընկերներին այս կարևոր առաքելության մեջ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում
կատարած աշխատանքի համար և մաղթել ամենայն բարիք»: