«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները դարձյալ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն (հիշենք՝ նրանք տեւական ժամանակ դժգոհում են մարմնի ղեկավարի գործելաոճից)։ Աշխատողների պատմելով` նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվել է 2020 թվականի ստուգումների եւ գործունեության տարեկան ծրագիրը, սակայն հաստատված ծրագիրը ընդունելի չէ մարմնի մի շարք աշխատողների կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատողների համոզմամբ` կազմված ծրագրերի արդյունքում տեսչական մարմինը մատնվելու է անգործության: Բանն այն է, որ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվել են ընդամենը 90 տնտեսվարողներ, որից 63-ը՝ բարձր, 23-ը՝ միջին, 4-ը ցածր ռիսկայնության են։
Եվ ամենաուշագրավը, աշխատողների պատմելով, ստուգման ծրագրում անհասկանալի պատճառներով չեն հայտնվել անտառները, հատուկ պահպանության օբյեկտները եւ այլն, որոնք տնտեսական գործունեություն ծավալելու հետեւանքով կարող էին շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնել: Բացի այս, 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրի վերլուծությունները ցույց են տալիս, որ տեսչական մարմինը ստուգումներ իրականացնելու է 11 տարածքային եւ 3 ոլորտային ստորաբաժանումներից բաղկացած մոտ 136 աշխատակիցների միջոցով: Տեսչական մարմնի ստուգման գործընթացում ներգրավված աշխատակիցներին վճարվելիք գումարները՝ աշխատավարձ, գործուղում եւ վառելիք, ավելի շատ կլինեն, քան, այսպես ասած, պետությանը պատճառած վնասի վերականգնումը: Ըստ աշխատողների՝ նույնիսկ եթե ենթադրվի, որ տարվա ընթացքում իրավապահ մարմիններից եւ քաղաքականությունը մշակող նախարարություններից կստացվեն ստուգում իրականացնելու որոշումներ կամ դիմում-բողոքներ, ապա դա պետք է հաշվի չառնվեր ստուգումների տարեկան ծրագիր կազմելիս»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։